четверг, 28 июля 2011 г.

ԴՈՒ ԻՆՁ ՍԻՐԻՐ

Ես ինձ էլ չեմ սիրում,
Դու էլ ինձ մի սիրիր,
Կյանքի-մահվան  ծովում
Ջրահարս մի փնտրիր:
Ես ինձ էլ չեմ գտնում,
Ես մի կորչող փաթիլ,
Ծով կաթիլների մեջ`
Ես խենթացած կաթիլ,
Ես հույզերով իմ տաք
Ցավիդ մեջ եմ հառնում,
Դու ինձ սիրիր,սիրիր,
Ես ծաղիկ եմ դառնում:

ՄՈՌԱՑՎԱԾ ԾԱՂԻԿ ԵՄ ՀԻՄԱ

Մոռացված ծաղիկ եմ հիմա,
Ծաղկումի միամիտ թովչանքով,
Ինչ  ձեռք է, որ պիտի ինձ գա`
Աստըծո արարող խանդով:
Տարիքս մի արտ է հասուն,
Բարիքով, բուրմունքով բուրյան,
Զով հովից ծաղկի պես նազում`
Ծաղկի պես փխրուն եմ այնքան:
Մոռացված ծաղիկ եմ հիմա`
Իմ հող ու ջրի հավատով,
Ծաղկումս խնկում է` և նա
Կիրակի ունի լուսաշող:

ԵՍ ԷԼ ՔԵԶ ՆՄԱՆ ԾԱՂԿԻ ՍԻՐԱՀԱՐ

Ես էլ քեզ նման ծաղկի սիրահար,
Չիմացա ինչպես քնքշացավ սիրտս,
Կարմիր ծաղիկը կրակից էլ վառ`
Ցանկացա հպվել`բացելով  գիրկս:
Բայց չպոկեցի արմատից նրան,
Չուզեցի մահից տանջվի իմ միտքը,
Արբեցած բույրով նրա դյութական
Թողեցի սիրտս  այրի  տաք  կիրքը:
Ինձ այրող բոցից  որ չմոխրանամ,
Գնում եմ առանց հեքիաթ ու ծաղիկ,
Քնքշանքիս տեղը պիտի մոռանամ,
Երազանքիս դեռ կունենամ տալիք:

****