суббота, 28 ноября 2015 г.

Կգա ձյունը`անունը կա,
Ձմռան ցրտերն են ընկել,
Արևն էլ է մրսում հիմա,
Ցրտահար  դեմքն է թեքել:
Գիշերները` սառն ու երկար,
Ճամփեքից չեն կտրվում,
Մի բուռ երկինք` երեսին փայլ,
Աչքը թարթում է մթնում:
Ամայության նման ցուրտ է,
Մերկ  են դաշտ ու ծառերը,
Չմոռացվող անխախտ ուխտ է`
Ձյուն կբերի ձմեռը:

ԵՂԵՎՆԻ
Առաջ էլ էիր վերձիգ ու շքեղ,
Եվ զմրուխտյա էր անգամ ստվերդ,
Անտառը`կանաչ, աշխարհը  ջրիկ
Սիրով էր օծում փշոտ ճյուղերդ:
Չէիր երևում աչք շոյելու չափ`
Ամառ ու գարուն ուներ ամեն ծառ,
Կանաչը ծով էր`փռված ափեափ,
Սովորական էր ամեն բան պայծառ:
Վաղուց ընկել են ձմռան ցրտերը,
Անտառը մերկ է`  երազից խաբված,
Ձմռան ձյուները մատնում են տեղդ,
Նույն փշոտ ծառն ես, միշտ անմեղ կանաչ:


Ասես կանչող կնոջ  պերճանքի փայլ `
Շլացած  ապակուն պատուհանիս,
Խաբվեցի արևին` մեջը գոլ  չկար,
Ցրտաշունչ օրեր են, ձմռան ամիս:  
Վերից է վար գալիս   արև ու լույս,
Հայացքիս ուղղությամբ աչքը պահում,
Իմ տան չորս պատի մեջ մնում է կույս`
Արևն,ինչքան իրեն սառն է պահում:
Տաքացա արևին իմ  հավատով`
Շլությանն ապակուս հենվեցի,
Արքայություն անցավ  իմ կարճ մտքով,
Արդար  ես  Արեգակ  Իմ`ասացի:


ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ԱՆՑԱՎ

Երկինքը կաթում է`մտքում ամպոտ  ծովեր,

Արևոտ չէ բացվող լույսն էլ ամենօրյա,

Հոկտեմբերը կիսով քամահար կանձրևեր,

Փշրվել է  աշնան ոսկին գետնի վրա:

Թրջված ու ցրտոտ են աշունքվա օրերը,

Դրսում է մնացել աշխարհը մերկացած,

Սառը շշուկ ունի ուշ աշնան անձրևը,

Մաղում է այսօր էլ թախիծով իր անցած:

Գնալու տեղ չունի մրսած օրը աշնան,

Քամին տեղ է մաքրում ձմռան համար կողքին,

Կձնի երկինքը փաթիլվելով անձայն,

Հոկտեմբերը անցավ աշնան ոսկին ոտքին:

 *****  ******
ԼԱՑԻ  ԺԱՄ ՉԷՐ ԱՐԴԵՆ

Ելավ քամին թաշկինակը ձեռքին,

Լացի ժամ չէր արդեն, պիտի պարեր,

Տերևներով գիտեր մերկ ծառերին,,

Նրանց մերկությունը բավ է շահեր:

Ճոճում էր ծառերը աշնան քամին,

Պտտվում էր, մրրկում երկինք ի վեր,

Ով էր նայում  փոշոտ ոտք ու ձեռքին,

Վերևից ընկնելուց նա վախ չուներ:

Սառը զայրույթի պես մերկ, ահարկու,

Լիզում էր գետինը`  թաշկինակը ձեռքում,

Ամպերին կապել էր մեկ-մեկու,

Ձյուն պիտի գար, քամին տեղ էր մաքրում:


пятница, 30 октября 2015 г.

Աշնան քամին,աշնան քամին
Քնած տեղից նայեց ժամին,
Չհավատաց իր աչքերին`
Իր երազն էր թուփ ու ծառին:
Կարմրականաչ ու ծիրանի
Գույնի տոն էր աշնան այգում,
Առանց երազ ով է  բարի,
Ով չի ճչում  գոնե մտքում:
Ելավ տեղից ,ոնց սանձարձակ
Փչեց ,ոռնաց նա անոթի,
Մտավ ամեն փողոց ու բակ,
Ու խառնշտեց մեծահոգի:
Ամեն ծառից կախված ճոճվեց,
Ու քիչ մնաց խելագարվի,
Աչքերի դեմ օրը մթնեց,
Կուրության հետ ինչպես վարվի:
Պոկվեց ծառից տերև-տերև,
Գիրկը բացեց ճանապարհին,
Թռավ գլխի ամպերից  վեր,
 Ու անձրևեց աշնան քամին…


Կտավ  անձեռ վրձնած`
Դեղին,կանաչ,կարմիր,
Անկեզ մորի բոցված,
Ճամփեքին ցաք ու ցիր:
Ասես հարսնվոր են,
Քո ամեն ծառ ու  թուփ,
Գույների մեջ նոր են
Լույսիդ նման անփույթ:
Թաքուն տենչն է  ոսկե
Ափիդ  մեջ արևի,
Աշուն,շուրթիդ խոսք է`
Գաղտնիք  երևելի:



суббота, 19 сентября 2015 г.

 Ե.Չարենց ՆՐԲԱԿԻՐԹ Լ.-ին`Քո հոգին նուրբ,օսլայած…

Քո հոգին նուրբ ,օսլայած,-
Ասացիր` թող որ  քեզ հավատամ,-
Ու սիրտս շնիկ  է գուրգուրած`
Անծանոթ փողոցին անտեր շան:
Ասացիր,խոսեցիր,բայց Դուք- ով,
Ինձ զսպեմ  նորից- մեկ անգամ,
Չեմ ցույց տա ,որ լի եմ կարոտով,
Որ պոռնիկն  ինձ էլ է բարեկամ:
Որ գիտեմ կաթիլին ծովեր տալ,
Ու  քաղցած օրերից սովորել
Հոգունդ բաժանել  միշտ  շռայլ,
Սրտին  էլ  կրքերը  չներել:
Ինչ արած,օտար եմ`օտար
Չմնաց  հպումդ  իմ սրտին,
Ինչքան որ գալդ էր դժվար,
Գնալդ դժվար է քառակի:


суббота, 29 августа 2015 г.


Անցած ապրումների ծանր բեռով
Երբ մտքով  երկարեմ, չմոռանաս դու  ինձ,
Չթուլանամ,սիրտ իմ ,կույր մեղքերով
Քեզ տեղան անող ցավի  ձեռից:
Ու   չլսեմ ճիչդ անօգնական,
Երբ  ետ դառնամ մտքով   կրկնվելու,
Ինքնանոռաց  անցնել  եկած ճամփան
Իմանալով, որ ինձ չես  ներելու:
Չծանրանամ,սիրտ իմ,քարի նման
Թեք ընկնելով եկող օրվա ճամփին,
Չհասկանամ լեզուդ ու չիմանամ
Որ քավության նոխազ պետք չէ …. կյանքին:

среда, 19 августа 2015 г.


Տվայտանքը հոգուս ձայնից թաքուն պահեմ,
Որ չունենա մոտիկ ինձնից բացի,
Որ չհնչած խոսքի ծանրությամբ վճարեմ
Խաղաղության համար օրվա,նաև`հացի:
Թե խոսք ասեմ, խոսեմ լավից`որ լավ լինի,
Անճարության ցավը միտքս չբորբոքի,
Իմ   հույզերի ծովը անխորտակ թող պահի
Ծիածանը հույսի `առագաստն իմ կամքի:
Տվայտանքն իմ հոգու աչքից հեռու պահեմ,
Որ չտեսնեմ ջրիկ լացն էլ  իմ երեսին,
Որ կարոտիս ամեն դարձի  պահին
Ներկա լինեմ ճամփի ծաղկուն ծեսին:   


пятница, 14 августа 2015 г.


Ինձ գանակոծեցին  խոսքի մեջ տաքացած.
-Ծիծաղելի է պոետ լինելը,նաև `մեղք,-
Անցել է ժամանակ`չմնամ  խռոված,
Պոետին տուն բերեմ, հաշտվենք:


Ամառն անց կացավ շոգից ծարավ,
Անցած ամառների արևների նման,
Մայրամուտներնի մեջ քամի ելավ ,
Փոշու ամպ էր տանում երամ-երամ:
Կանաչ տերևները հույզի նման
Փոխվեցին ճյուղերին ամռան ծառի,
Չորացած ընկնելով քամու բերան
Կորչում էին հլու կյանքին վայրի:
Այս ամառն էլ անցավ ջրի նման,
Ու ինձ ծանոթ շոգը չհասավ   գետ,
Հույսս  մնալու է  արդեն  վաղվան`
Էլի ամառ կգա,հավատ է պետք:
Որ սպասումը իմ հուսավառվի անվերջ,
Հիշեմ պատվիրանը`մի սպանիր,
Որ  կարոտն անանուն ապրի իմ մեջ,
Որ  փնտրելով նրան հեշտ գտնեմ ինձ:

воскресенье, 14 июня 2015 г.


Արևը ձեռքերն է լվանում`
Երկինքը  կաթում է  անկամ,
Տխուր է օրը արթնանում`
Տրորված` ճամփի նման:
Անգույն է հայացքն ու սառած,
Աչքի մեջ խնդություն չի շողում,
Չի սիրում ինքն իրեն թրջված,
Մտքերի հեղեղից է դողում:
Երկնքում ամպեր են հավաքում,
Եկել են կորած ու մոլորված,
Օրն ընկած դռներ է թակում,
Արևին պատուհանը բաց:


Երկնքը ծածկել են ամպերը,
Էլ ինչպես աշխարհը երևա,
Կապույտ չեն`մթնած են աչքերը
Քնի մեջ  ծոցվորած այսօրվա:
Դավի պես թաքուն են վերևում
Կրքերը կուտակված ամպերի,
Մտքի պես իրար են բերում,
Մեծանում ձևի մեջ ու դերի:
Երկունքը ձայնեղ է երկնքի,
Ամպերին փախչելու տեղ չկա,
Փայլուն է ճայթյունը թեժ կրքի`
Ամպն ամպին հազիվ թե գթա:
Բախվում են`ուզեն թե չուզեն,
Ապրելու էլ ուրիշ ձև չկա,
Ջրկում են, որ իրար սուզեն
Հույզի մեջ  երկնքի` մի պահ:
Փլվում է երկինքը հույսի պես,
Վարարում կաթոցից սպասված,
Անձրև է, գալիս է գժի պես
Ճամփեքը վազում են ընդառաջ…


Իմաստազուրկ է օրս`իզուր արթնացա,
Կոպերիս տակ ես գոնե լուսավոր էի,
Երազներս թողեցի`աշխարհը անցա,
Ու չեմ ուզում օրս ինձ  շան պես սովորի:
Էլ չեմ ուզում որ մնա հանգավոր խոսքիս,
Անիմաստ է քաղցելը`հագեցում չկա,
Երբ մեռնում եմ, էլ իզուր չմնա կողքիս,
Սիրո ճաշին նա մեկի գուցե թե պետք գա:

воскресенье, 3 мая 2015 г.


Երես տվեք ինձ` մի քիչ մանկանամ,
Մանկան պես լինեմ ձեր սիրուն մոտիկ,
Ձեր մանկան նման ծիծաղեմ ու լամ,
Ու անմեղ լինեմ, ոնց ամեն փոքրիկ:
Երես տվեք ինձ, մի քիչ քաղցրանամ,
Ու ձեր մտքի մեջ անունս պահեմ,
Ձեր հոգու կանչով գամ ձեզ միանամ,
Ձեր աչքի լույսով սիրտս փայփայեմ:
Երես տվեք ինձ,  թող  թեթևանամ,
Ձեր խնդության մեջ  մի քիչ  երկարեմ,
Վաղվանից`  գրող -տատիկ կդառնամ,
Այսօր մանկան պես բառեր թոթովեմ…

****
Սիրո խոսք չեմ ասի,ինձ չսպասես,
Փորձության չեմ տանի իմ հույզերը,
Թող խոսքի ժլատ եմ,թող մտածես,
Որ սիրո համար չէ  ուշացած մեր սերը:
Քեզնից թաքուն ու ամենքից թաքուն
Ես գժուկ կանվանեմ քո կարոտին,
Չեմ կանչի բարձրաձայն`թող չգա տուն,
Օղակ չեմ հագցնի նրա ոտին:
Մասնակից չեմ լինի հաղորդության
Մարմնի ու արյան` մահից առաջ,
Թող մեր սերը ապրի երգի նման,
 Թող արձագանքի իմ խոսքը  չասված:

  *****   ******   *****
Դու ինձ համբուրել ես,իսկ դու չես էլ հիշում,
Կոպերիս տակ գարուն`արթնանալ չեմ ուզում:
Կոպերիս տակ արև`երազն ինձ չի լքում
Համբույրիդ թեժ բոցը շրթունքներս է կիզում:



Քնից արթնացա`աշխարհն իմ հյուրն է,
Եվ ներսուդուրսն է  այնպես իմ սրտով,
Երկինքն արևում`սիրտը մաքուր  է,
Աշխարհից անդին չի  անցնում մտքով:
Շուրջս  ապրում է  կյանքի`  ծովից ծով,
Կարող եմ անվերջ քնել-արթնանալ,
Երբ գիշեր   ընկնի լուսնյակի շողով,
Աչքս փակ նրանց կնայեմ խաղաղ:

понедельник, 9 февраля 2015 г.


Դու քո ճամփեն գնա,քույրիկ:Հ.Թումանյան
Ես իմ ճամփին պիտի գնամ,
Հոգ մի արա,եղբայր,
Պարտքեր ունեմ`պիտի մարեմ,
Այն ինչքան էլ դժվար:
Արհավիրք էր իմ քաղաքում,
Ոնց հեշտ քանդվեց տունս,
Երկու կյանք էր իմ մեջ ապրում,
Ապրեց և անունս:
Չգիտեի օրը վաղվա,
Ճամփեն ինքը տարավ,
Ինչքան ծայրին ես մոտեցա,
Մի աչքաչափ կորավ:
Նվիրում է իմ կյանքը ինձ
Կամ թե`վերջին ներում,
Այս երգելու շնորհը ինձ
Պարտքեր է մեջ բերում:
Երբ պարտքերից ես ազատվեմ,
Իմ արևը վկա,
Լոկ ինձ համար պիտի ապրեմ,
Ողջույն, եղբայր,գնա:
  *****   ******   ***********   ******************
Դու ինձ սիրիր,սիրիր սպանելուց առաջ,
Քանզի քո ճամփին դեմ քո դեմ ելա,
Միանգամից սպանիր,ոչ թե կամաց-կամաց,
Ուժիդ մասին թող որ լինեմ համր վկա:
Դու ինձ սիրիր այնպես,ինչպես որ  քեզ  գիտես`
Սպանելուց առաջ,հետո թող ինձ անթաղ,
Ու երբ որ քո մեղքը մտքով չճանաչես,
Կգաս ինձ մոտ նորից ու նորից քեզ համար:
Կպահի հայացքդ իմ ժպիտը կամաց,
Տեսնի,  որքան եմ դեռ մնացել ինձ նման,
Փեթակ չեմ ես, սակայն շատ ունեմ մեղրահաց,
Դու ինձ էլ  չսպանես, հիշիր միայն: