четверг, 29 января 2015 г.


Կոկորդիս մեջ լացի պես է ցավը փլվում,
Երբ այտերս կրկին հուշիդ եմ դեմ տալիս,
Ես ողջերի մեջ եմ `քեզ եմ անվերջ փնտրում,
Դու երազում անգամ ինձնից խույս ես տալիս:
Քնիս մեջ չեմ հիշում,որ դու վաղուց չկաս,
Որ զոհվեցիր հանկարծ` հանուն ոչ մի բանի,
Խոստումներ ես տալիս,գնում,որ հետո գաս,
Քնից արթնանում եմ`  մնալով միշտ  այրի:
Հազարների ցավով դու տնքում ես իմ մեջ,
Բնական աղետ էր`կողքից հեշտ են ասում,
Դիմակավոր անթիվ մեղավորներ անվերջ
Իրենց նախկին դեմքը արդեն չեն էլ հիշում:
Երկրաշարժ է`ասին, ես էի քո մտքում,
Չգիտեի որ քեզ պիտի անվերջ փնտրեմ,
Բնականի նման ջուրն է ճամփան գտնում,
Անհավատ չեմ ծնվել,անհավատ ոնց  ապրեմ:
 ********
 Աշխարհում դժվար  ապրել-մեռնել կա,
Ապրածիս համար կյանքով վճարեմ,
Աշխարհն իմ պարտքի բեռից չտնքա,
Հաշիվների հետ լույսեր չմարեմ:
Գնամ իմ ճամփան ձիավորի պես
Ապավինելով նվիրումին կույր,
 Ժամանակի մեջ լինել սիրո ծես ,
Ու սանձել ցավը սայթաքումի բյուր:
Թռչելու մտքից  տեղում չդոփել
Դրանից ճամփան ամպոտ չի դառնա,
 Մանկան հավատով հույսից չպոկվել,
 Գնալ ճամփի հետ,ինչքան  որ գնա…
  
******
Ինձ այնպես հեշտ են ատում ու սիրում դժվար,
Ավել-պակասն այս անվերջ ինձ սպանում է,
 Չեմ մեռնում բայց ես  երբեք մտքի չափ երկար`
 Ատելությունը  սիրո հուշը պահում  է:
Ինձ ատում են`թող ատեն,ուրեմն դեռ կամ,
Ու դրանից չեմ տխրում արտասվելու չափ,
Իմ մեջ նույնիսկ ես թաքուն թեթև եմ այնքան`
Ինձ ատողի համար որ սիրո պես  չեմ թանկ:
Ու կարող ես ինձ դուլ էլ  ատել տանելի,
Թե ես սիրել չգիտեմ բոլորի նման,
Մեծ ես ինձնից` հավատամ թող քեզ ..երևի,
Ու քեզ համար ատելի ես անվերջ մնամ:
 
 **************
Կյանքն ինձ երես չտվեց, որ վեր չթռչեմ,
Որ  ծովանամ, ալիք տամ ափերիս ներսում,
 Ու իմ բախտից անիրավ երես չթեքեմ,
 Որ խորշակներ թավալվեն ջրիս ակոսում:
Որ ծովեր տամ մի կաթիլ  փրկության համար,
Ու ապրելու ձև լինի լցված լինելը,
Որ  չարացած պահերին մնամ միշտ անչար,
Ու  կուսություն ունենա  մենակ իմ սերը :
Սովորեցի ես այսպես ապրել ....աներես,
Ու հնչեցի հանգերով գրված իմ խոսքում,
Երազներն իմ  մնացին  հոգուս մեջ անտես,
Լույսի  նման որ բացվեն օրերի  մթնում:  

Հեռացել եմ ինձանից կածանի չափով,
Որ մեկ ինձ վեր է տարել,մեկ կորել վարում,
Եվ խնդացել եմ,լացել`  սրտով ու հոգով,
Երազներ եմ պահ  տվել  անցած օրերում:
Իմ գնացած տեղերով անցել եմ հույսով,
Ով  ցույց  կտա, թե գտնեմ տարիքս ծաղկուն,
Ժամանակը հոսել է ջրի պես մաքուր,
Ետ չի դառնա` ինչպես էլ տամ նրան անուն:
Զրնգում է կյանքը, որ  իմը չէ արդեն,
Զրնգոցին  է  դիպչում թախիծն  իմ աչքի,
Ծաղկած  ծառ չեմ,ու ոչ էլ  ծոցվորած արտ եմ,
Կածանի չափ հեռացել,կանգնել եմ կողքի….

*******

Ինչ էլ ասեմ հիմա,չի հնչելու
Զանգի նման քո տան` սպասումի սովոր,
Դու հեռու ես, քեզնից ես եմ հեռու,
Եվ ժամանակ չկա արարումի մի նոր:
Ուշ է արդեն գուցե կարոտին տուն բերել
Եվ անունով կանչել մեր երկուսի,
Այս հասուն տարիքում կույրի նման սիրել
Երազին թև տվող երկինքն  առատ լույսի:
Ուշ է վաղուց, բայց  միշտ կա ժամանակ
Ճահճանալու`  ծաղկունք դեռ  ափերում,
Երեկն  այսօրվա պես  անղեկ նավակ,
Ուշացումին իմ այս <վաղն> է  ներում:


****
Իմ ծննդյան օրը  ճամփին նվիրեցի
Թափառումին տրված հոգուս ճիչն ու դողը,
Հոգնությունը օրվա ծաղկի պես գրկեցի
Ու թողեցի վրեն իջնի մութի քողը :
Փողոցներ չափելով օրն իմ մնաց դրսում,
Եվ մասնակից չեղավ ինձ հետ կենաց  հացի,
Օտար մարդիկ  կողքից ձայնս չէին լսում,
Իմ  ծննդյան օրը` դիտմամբ,   չհիշեցի :