четверг, 19 декабря 2019 г.


Իզուր եք կարծում, թե ձեզ չեմ սիրում,
Ինձ հետ մեկուսի մնալով այսպես,
Սեղաններին ձեր օտար եմ մնում,
Տոն օրերին էլ չեմ նվիրում ծես:
Ամեն շփումից` հնագետի պես,
Պեղում եմ խոսքի տողատակերը,
Հոգնում եմ հաճախ իմ մտքերից ես,
Ինձ հետ մեկուսի մնալով ձերը:
Հոգնում եմ աչքից հեռու իմ օրից,
Որ կեսօրին է հաճախ արթնանում,
Ասես նա էլ է ծնված չոր կողից,
Ձեռքը ծոցին է կարոտին մնում:
Իզուր եք կարծում, որ մարդասեր չեմ,
Ձեզանից հեռու` ինքս ինձ հետ մենակ,
Հոգնում եմ ինձնից, թե ձեզ հյուր կանչեմ,
Եվ ինձ եմ պահում այսպես փակի տակ:
Հաճախ եմ թեպետ անպարան կախվում,
Բայ դեռ սիրում եմ այս աշխարհն ու մեզ,
Մարդիկ, մտքերս հաճախ են բախվում,
Բայց հոգուս սիրուն պարտական եմ քեզ:









среда, 18 декабря 2019 г.


2019թ.դեկտեմբեր

Տուն գնացեք, մայրեր,
Ձմեռ է փողոցում,
Դուք հազար հոգսի տեր,
Ցավը պահած ծոցում:
Սևերի մեջ, մայրեր,
Ձեր սիրտը անարյուն,
Նա իր ցավին լռել,
Կարոտից է ճչում:
Թանկ է կորուստը Ձեր,
Կյանքը ամաչում է,
Վրեժն արդարացվեր`
Ձեր ձայնն աղմկում է:
Ձեր որդիքը զինվոր
Գնացին` ետ չեն գա,
Դուք անմեղ`մեղավոր
Փողոցում եք հիմա:
Դրսում ուշ ձմեռ է,
Ցուրտն է ժամանակին,
Օրը անտարբեր է,
Ձեր սև հագ ու կապին: 
Նոր Տարի պիտի գա,
Փողոցն է զարդարվել,
Նոր եղևնի էլ կա
Լույսեր է վարարել:
Տուն գնացեք, մայրեր,
Տոնը մոտենում է,
Մթնեց օրն անարև,
Ցուրտը սաստկանում է….