вторник, 27 февраля 2024 г.

 ԱՌԱՆՑ ՀԵՏ ՆԱՅԵԼՈՒ

Լեռան ստորոտի ամպագույն լճակից,

 Ծարավի չափ ջուր էր խմել երամակը,

Ձիերի մեջ մեկը տարբերվում էր խմբից,

Սևաթույրը գիտեր  առաջնորդի վարքը:

Չէր շտապում գնալ եկած ճանապարհով,

Լիճը կարծես նվեր տրված լիներ վերից,

Շուրջը լի էր օտար,  ծարավ եկվորներով,

Ինքը պիտի՛ թույլ տար խմել լճի  ջրից:

Տեսավ երամակ էր կանգնած լեռնալանջին,

Ճերմակ գույնը մեկի հեռվից աչք էր ծակում,

Ծարավի համար ո՞վ պիտի՛ վճարեր գին,

Մեկն ու մեկը պիտի՛ ընկներ մենամարտում:

Առաջնորդի բախտ էր պարտվելն ու հաղթելը,

Կա՜մ վայելք էր կյանքը, կա՛մ վերջին շունչ,

Նա կդառնար  օտար երամակի  տերը,

Ո՛վ կսպաներ մյուսին, գտած ապրելու ուժ:

Խաղաղ էր երկինքը լճակի հայելու,

Ծարավածները թո՛ղ խմբով չխեղճանան,

Նրանց առաջնորդն էր լոկ ծարավ մեռնելու,

Երամակներն երկու պիտի՛ ամբողջանան:

Ճերմակ ձին տնքում էր լքված ցավագալար,

Ապրելու միտքն էլ  չունե՛ր գին ու արժեք,

Կյանքը վերջացել էր, ու մեռնելն էր երկար,

Առաջնորդ չէ՛ր նա էլ, ձի՛ էր ընկած անպետք:

Երամակն հեռացավ առանց հետ նայելու,

Ասես թե՛ չէր եղել կյանք ու մահի կռիվ,

Կգա՛ն, երբ ծարավեն, գալո՛ւ են ջրվելու,

Չե՛ն խղճալու երբեք ընկածներին անթիվ:

 

ՆՎԻՐՈւՄ  ԵՄ ԿՐՏՍԵՐ  ԵՂԲՈՐՍ
Մի անցած հուշ է ի՛մ մանկությունից,
Մի աննշան հո՛ւշ, ներկա եմ դնում,
Հուզվում եմ նրա հեզ տրտմությունից,
Նրա համար եմ այս երգը գրում:
Ի՛մ մանկությունը գյուղում է անցել,
Գյուղական մեր հին տունը է՛լ  չկա,
Մեր  <հինգի ձենը> մարդ չի իմացել,
Եղբորս լացի ձայնն իմ մեջ դե՛ռ կա:
Մի՛ կով ունեինք, մորթը սևաթույր,
Ռուսական էր տեսակը նրա,
Հավատ կար այնքան հայացքում մաքուր,
Մեր մեկնած խոտին գալիս էր վրա:
Հաշված օրեր կար, որ կովը ծներ,
Գիտեի՛նք, որ մենք հորթուկ կունենանք,
Խնդություն ուներ սպասումը մեր,
Դեռ աչքալույս էլ իրար պիտի տանք:
Վաղ առավոտ էր, մայրս գոմ գնաց,
Մեր սևաթույրը ծնել էր արդեն,
Վարդ չէր կարմիրը պոչի հետ կախված,
Մայրս խնդրում էր, որ կովին փրկեն:
Հերթափոխով էր հայրս աշխատում,
Անքուն աչքերում ցերեկն էր մթնել,
Անզորությունը իզուր էր մատնում,
Դանակը միշտ էլ կարող էր գտնել:
Օրը գարուն էր, ցավից անտեղյակ,
Նորածին հորթը մորը կփնտրեր,
Մեր սևաթույրը բաց երկնքի տակ
Կանաչ էր պոկում, բախտին  անտարբեր:
Լիքը գոմի մեջ մենակ էր հորթը,
Սևավոր մորը չկար վերադարձ,
Շոյում էինք մենք գլուխն ու մորթը,
<
Ախպեր>  էր ասում եղբայրս կամաց:
Կաթի ծծակն ու շիշը հորթուկի,
Կրտսեր եղբայրս ծոցում էր պահում,
Ինքը` երեխա, բայց մեծահոգի
Մեծի նման էր որբուկին նայում:
Ալաբաշ էր նա հորթուկին կանչում,
Իսկ սա էլ ուրախ տրտինգ էր տալիս,
Նրան հարազատ իրեն ճանաչում,
Ճակատ - ճակատի խաղ էին գալիս:
Օրերը անցան, Ալաբաշն արդեն
<<
Ոսկե ցլիկ>>  էր, առույգ ու կայտառ,
Հայրս պահել էր, որ պիտի՛ մորթեր,
Հե՛նց Ամանորի տոնը մոտենար:
Թե՛ չէ ինչո՞ւ էր մսուրքում կապել,
Դե՛,  Նոր տարվան որ դանակի քաշի,
Իր հալալ մալն է ու միսը ջահել,
Ի՞նչ է անում, ո՛ր որդուց ամաչի:
Իսկ հեգ եղբայրս էն ո՜նց էր լալիս,
Ո՛ր հորս փխրուն սիրտն էլ փուլ եկավ,
-
Լա՛վ, ուրիշին եմ ես նրան տալիս,-
Թե՛ չէ պահելու էլ հնար չկար:
Նոր տիրոջը մեր հորթն էր քարշ տվել,
Փորձել էր հասնել եղբորս հեռացող,
Ցասումից տիրոջ չպիտի՛ փրկվեր,
Նվիրումին իր չկար հասկացող:
Ծիծաղում էինք եղբորս վրա.
-
Հիմա՛ եփում են միսն Ալաբաշի,
-
Է՛հ, ձեզ ինչ կա որ, - խոսքերն են նրա
Սրտումս այրվում, է՛ն հուշից բացի: