вторник, 10 октября 2023 г.

ՍԻՐԱԽԱՂՈՒՄ ՉԱՐՈՒԲԱՐԻ

 

Երևում ես օրերիս մեջ`

Հագած դեղին, կարմիր, սպիտակ,

Ինձ եմ ասում, թե ասեմ քեզ

Սիրուց գժված խոսքեր պարապ:

Դու լավն ես շատ`չեմ ասել քեզ,

Ես վատերի վատն աշխարհում,

Վերին սիրով մեկն ընտրեց մեզ,

Ու մեր սիրո բախտն է բանում:

Չլինելու բան էր, գիտեր,

Որ ես դառնամ հենց քո լավը,

Քեզ ինձանից պիտի փրկեր

Ինձ թողնելով իր հետ տանը:

Ես կլռեմ, էլ ոչ մի բառ,

Քո ոչ մի գույն ինձ չեմ պահի,

Չենք ճանաչում մենք էլ իրար,

Սիրախաղում չարուբարի: 

 

 *** *******  ****

Մեր ներսում է անտես բացուխուփը

Դժոխք ու դրախտ տանող դռների,

Վիրակապերից մեղսոտ վերքերի

Մեր ներսում է անտես բացուխուփը:

Արդարությունն էլ ունի իր սուտը`

Աստըծո դեմքի փայլով հայելի,

Մեր ներսում է անտես բացուխուփը

Դժոխք ու դրախտ տանող դռների:

       

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ

 

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ

<  կաթ մեղու պատերազմի պատճառ >

                            ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Մի մարդ մեղրի խանութ ուներ,

Էժան առնում` թանկ էր ծախում,

Փողը – փող է բերում, գիտեր,

Վաստակ ուներ`չուներ կախում:

Մեղրի քաղցր համին ծանոթ,

Գալիս էին անթիվ մարդիկ,

Մեղրատերի լեզվին հաղորդ,

Նրա խոսքի գովեստին կիրթ:

Գնորդների բարքին գիտակ,

Ջերմացնում էր  միտքը նրանց,

Աչքը ոմանց ձեռքներին փակ,

Անուշ խոսքով բացում կամաց:

Առնել- տալու գործը գիտեր,

Քաղցրությունը ծոր պիտի տար,

Մեղրը պիտի շուտ վաճառվեր,

Եկած շահից- շահի հույս կար:

Մեղր էր ծախում խանութպանը,

Մեղրի շողքին` աչքը մարդկանց,

Ո՞վ էր, փորձեց մեղրի համը,

Ու մի՛ կաթիլ բաց թողեց ցած:

Գետնին կաթած ի՜նչ քացրոթյուն,

Անվճա՛ր ու ոչմեկինը,

-Մրջյո՛ւն, պի՛ծակ, ծով  լիությո՜ւն,

Ձեր ինչի՞ն է մեղրի գինը:

Եկե՛ք, կերե՛ք, դուք ձեր կամքին,

Ձեզ ո՞վ պիտի <քշա> անի,

Քաղցրություն ձեր դառը կյանքին,

Փո՛քր բան է ոչպիտանի:

Այդ կաթիլին վրա տվին,

Մոտիկ եկած պիծա՛կ, մրջյո՛ւն,

Մեղրի համից գուցե գժվին,

Ասես գտած երջանկություն:

Վայելքի մեջ անկախացան,

Ի՞նչ ավելորդ զգուշություն,

Եկած ճամփան շուտ մոռացան,

Գտե՛լ էին քաղցրով լի տուն:

Նրանց վարքին հետևող կար,

Աչքաբաց էր տիրոջ կատուն,

Իր բնազդին տուրք պիտի տար,

Դարանից իր նայե՛ր թաքուն:

Ինչքա՞ն պիտի նա համբերեր,

Այդ անօրեն տեսարանին,

Ա՜խր ինքն էլ այդտեղ տե՛ր էր,

Խաղե՛ր ուներ նա կատվային:

Առա՛ջ եկավ, կպա՛վ թաթով,

Այդ մի՛ կաթիլ մեղրի սիրուն,

-Թո՛ղ վճարեք օրվա կյանքով,

Չե՛մ ճանաչում ոչ մի ներում:-

Թաղե՛ց մեղրի կաթիլի մեջ,

Մի՛ կես մրջյուն, անթև՛ պիծակ,

Խրախճանքին տվել էր վերջ,

Իր կատվային խաղին գիտակ:

Մեղրի գնորդ մի ծեր մարդու,

Շունն անտարբեր չեղավ կատվին,

-Դո՛ւ, երկերես, քծնո՛ղ կատու,

Կվճարե՛ս  ամենքիս գին:-

Ու նույն պահին հասավ կատվին,

Ատելությամբ նրա ցեղի,

Տվե՛ց գետնով, փռե՛ց գետնին

Տիրոջ կատվին, շունն անտեղի:

Շունչը փչեց ընկած կատուն,

Չդիմացավ այդ բի՛րտ ուժին,

Խանութպանի սիրտն էր պայթում`

Ո՞նց հանդգնեց իր տան շեմին:

Ձեռքն ընկածով զարկե՛ց  շանը,

Անխիղճ խփե՛ց նրա գլխին,

Առաջն ընկավ ծեր պաշտպանը,

Ո՛ր նա չընկնի իր շան խելքին:

Ո՛ր մարդու իր դիրքին մնա`

Շունն անլեզու արարած է,

Ո՛ր բնազդով վրա չգա,

Ու գազազած չհարվածե:

Բայց իզուր էր ջանքը ծերի,

Խանութպանը շատ էր փրփրել,

Շատերի պես` հույզի գերի,

Ծերն ուժ չուներ` ձեռքը բռնել:

Կո՛ւյր հարված էր, դիպավ նրան,

Խանութպանը դա չէր ուզում,

Ծեր մարդն ընկավ իր շան նման,

Ոչի՛նչ նրան էլ չէր հուզում:

Անմեղ մարդ էր տալիս հոգին,

Տեսնողը ո՞նց դիտորդ մնար,

Շատ չարացան թե՛ այր, թե՛ կին,

Մտածելու շատ բան չկար:

Խանութպանին ուժով հասան,

Ամեն կողմից հարվածեցին,

Չարությունից ըմբոստացան,

Ու խանութը տվին հրին:

Կրակ ու ծուխ երկինք ելավ,

Ամեն աչքի տեսանելի,

Լուրը արագ մարդկանց գտավ,

Մեջտեղ եկան չար թե բարի:

Խանութպանի՛ որդի ու թոռ,

Եղբայր, ընկեր, շտապեցին,

Թշնամանքի՛ն տվեցին զոռ,

Սպանեցին - սպանվեցին:

Ապրողները ուշ իմացան,

Երբ թեժ կռվի ձայնն էր մարում,

Ափսոսանքով կողքի՛ց անցան,

Խղճո՛վ էին լուսաբանում:

-Կաթիլից ի՞նչ մեծ պատահար,

Ի՞նչ  շո՛ւն, պիծա՛կ, կատո՛ւ, մրջյո՛ւն,

Դա՛տ  անողի պետք կա արդար`

Ու մի կաթիլ խաղաղությո՜ւն:

 ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ