понедельник, 15 октября 2012 г.

Ե Ղ Ի Ր


ԵՂԻՐ

Եղիր, աշխարհում ու Աստված տանդ,

Թող որ ոչինչ չունես ինձ խոստացած,

Փականք չեմ դառնա ես բաց դռանդ,

Ականջ մի դիր ամեն խոսքի հնչած:

Քեզ  հուշի չափ մոտիկ ինձ կպահեմ,

Աչքերիդ կնայեմ կոպերիս տակ,

Սիրտս թաքուն սիրով կփայփայեմ,

Կմնամ քեզ օտար մի մոլորակ:

Եղիր, ոնց էլ լինի ես կիմանամ`

Հոգուդ ճամփին գիտի փրկվել հոգիս,

 Իմ չգրված երգով քեզ կմնամ,

Սիրո խոսքդ թողած տողին երգիս:

 

 ԵՍ ԿԼՌԵՄ

Երևում ես օրերիս մեջ,

Հագած դեղին, կարմիր, սպիտակ,

Ինձ եմ ասում, թե ասեմ քեզ

Սիրուց գժված խոսքեր պարապ:

Դու լավն ես շատ`չեմ ասել քեզ,

Ես` վատերի վատն աշխարհում,

Վերին սիրով մեկն ընտրեց մեզ,

Ու մեր սիրո բախտն է բանում:

Չլինելու բան էր, գիտեր,

Որ ես դառնամ հենց քո լավը,

Քեզ ինձանից պիտի փրկեր,

Ինձ թողնելով իր հետ տանը:

Ես կլռեմ, էլ ոչ մի բառ,

Քո ոչ մի գույն ինձ չեմ պահի,

Չենք ճանաչում մենք էլ իրար,

Սիրախաղում չար ու բարի:

ԼԵԶՎԻՍ ՎՐԱ ԵՄ ԱՆՈՒՆԴ ՊԱՀՈՒՄ

Հայր, հեռացրու բաժակը ինձնից,
Նա ճառագայթն է արևիս  բեկում,
Սիրտս մրսում է սառը մտքերից,
Հայացքով  անզոր ես քեզ եմ փնտրում:

Որ կողմից էլ որ հայելուս նայում,
Մորս մշուշված հայացքը ունի,
Տարիքս իրեն շապիկն է հանում,
Արծաթապաշտը ոչ մի մեղք չունի:
Հեռացրու ինձնից բաժակը անձայն,
Թաքցրու ինչպես մի անտես հեռու,

Քանի սիրուն եմ, Աստված, քեզ նման,
Գեղեցկանում եմ կրքից սիրվելու:
Հայր, հեռացրու բաժակը ինձնից,
Լեզվիս վրա եմ անունդ պահում,
Ինձ դու լավ գիտես, փուխր եմ էն գլխից,
Թող կամքդ լինի` կենացդ եմ խմում:

 

ԵՍ ԿՈՐԱԾ ՉԵՄ

Մերկությունը ծածկելու պետք չունի հոգիս,
Ծնված օրից մարմինն է լաթերի սովոր,
Ձիգ չի պահում մեջքս էլ պինդ կապած գոտիս,
Մաշկս փայլ է գողանում հագուստից իմ նոր:
Չի փայլում աչքիս լույսին ոչ մի հայելի,
Հաստատ չի մնում` մեկ - մեկ, հողը ոտքիս տակ,
Ոնց անեմ, որ չմեռնի հույսն իմ արևի,
Որ աշխարհն իմ չունենա ճաղեր ու վանդակ:
Որ լինեմ սովորական, ոնց կողը հացի,
Որ ոտքի տակ չեն տալիս, երբ այն ընկած է,
Ու երբ մանկան պես սոված աշխարհը լացի,
Ես կորած չեմ` կիմանամ, ու նա փրկված է:



воскресенье, 7 октября 2012 г.

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ


Վախենում եմ հանկարծ հողն այս չդիմանա
Երկնաքեր կրքերի հաղթական շքերթին,
Աչքը անկուշտ մարդու քսակին կուլ գնա
Աշխարհն` ու  մնա անհաղորդ իր վերջին:
Չցամաքի թափվող  արյունն էլ Աբելի,
Փոթորկի պես կարմիր մրրկանա դեպի վեր,
Կործանի գալիքը դեռ չծնված դարի,
Սպասումը լուսե  համարվի անվավեր:
Չհասցնի դառնալ գարին ընկույզի չափ,
Ու ոչ էլ ցորենը կարմրած մասուրի,
Ու դառնա աշխարհը մի հոգու ավերակ,
Խորտակվելով մտքում թաքնված ծովերի:
Վախենում եմ մի օր  Մհերը  ցանկանա
Ու որոշի վանել խավարը  քարայրից,
Վերջին հույսի նման երկար չդիմանա ,
Վախենում եմ ապրող նրա բաժին մահից