воскресенье, 11 июня 2017 г.

Մոլորակիս մասին դու չգիտես բնավ,
Թեպետ դու այնտեղ ես ինձ հետ վաղուց,
Ապրում ես իմ հոգու ծաղկունքի մեջ անցավ,
Անմեղություն ունի սիրո տենչանքը կույս:
Զարմանքով եմ նայում հասակին տարիքիս,
Որ նման է ճամփի` ոտնակոխ, հալածված,
Արթնացումներն հույզի տեղ չեն տալիս մտքիս,
Անժամանակ սերը ընտրյալ է, թե`կանչված:
Ապրած հինգ տասնամյակ` ակնթարթի նման,
Որ այնքան էլ շատ չէ ժամանակի համար,
Ես այս սիրուն հիմա ինչ տարիք տամ,
Սպասել եմ նրան կյանքից երկար:
Չեմ կարող թաքցնել թախիծը մտքերիս,
Բաբախյունը սրտիս անականջ է դարձել,
Կոպերիս տակ թաքուն համբույրներիս
Արցունքներիս ակունքն աչք է բացել:
Օտար խոսք չեմ ասի մոլորակիս մասին,
Դռան տեղն առանց ինձ, մեկ է,  դու չես գտնի,
Երկար եմ սպասել, քիչ էլ`սերն այս կանցնի,
Ու  բանալու համար միտքս էլ  ծով  չի մտնի:


ԳԱՐՈՒՆ
Արևը սիրտն է բացում
Հանդիպած թուփ ու ծառին,
Գարուն է`դուրս է կանչում
Ապրել սիրող աշխարհին:
Օրերը տաքին գնում`
Ծաղկունքի բույրով արբած,
Կանաչ ծով է վարարում
Օրն` օրին,  աչքաբացված:

*****   ******
Հորդառատ անձրևը դադարեց վերջապես,
Ու աշխարհը ծարավ կարծես թե հագեցավ,
Բանից անտեղյակ էր նոր ծագած արևը,
Գարնան ամպոտ օրը  կեսօրին լուսացավ:
Կանաչած ծառ ու ծիլ մաքուր փայլ ունեին,
Կաթիլքը անձրևի շողում էր տաքացած,
Ամենուր կարծես թե կար անթիվ հայելի,
Նայում էին անթարթ` իրարով շլացած:
Խաղը երկարեց` առանց  արարի
Հանդիսականը խաղի  մեջ մտավ,
Բոլորի մտքում արժեքն էր շահի`
Ոչ մեկը իրեն չուներ հավասար:
Ատելությունը կրքերը  լարեց,
Կանխավ չգիտեր զոհն ինքն իր մասին,
Ամբոխի նման ով  խելագարվեց,
Ով խելքով չափեց աչքից ընկածին:
Ինքնահրկիզման փորձ սովորական,
Փյունիկ թռչունի նախանձելի բախտ,
Մահու չափ շատ է ծարավը արյան,
Խաղի մեջ էլ կա առևտուր ու պարտք:
Ապրելու տենչը` հավասար տրված,
Անհավասար է նժարը կյանքի,
Դժվար է ապրել հավատից  մերժված,
Ինքնակամ գնալ մահ ու տանջանքի:

*****   ******
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
Ասում եմ խուլ ու կույր ապրեմ,
Չտեսնեմ անհոգի ժպիտներ,
Ոչ մեկի խոստումին չկապեմ
Հույսը իմ`թե  փրկվեմ:
Մի քանի օրով  մեզ  հիշել 
Բախում են դռներ ու լուսամուտ,
Ասում են բարձր ու վեհ խոսքեր,
Սրտանց են  տալիս խոստում սուտ:
Ուզում են մեր նման լինել,
Իբրև թե մեր հոգսով որ ապրեն,
Նպատակ են դրել մեզ սիրել`
Մեր գինով որ հացը թաթխեն:
Ինձ ու քեզ ժողովուրդ են ասում,
Հաշվում են ինձ ու քեզ ձայներով,
Տարով ենք այսօրվան սպասում,
Որ ընկնեն նրանք ետ  մեզանով:
Հետո մեզ  իշխեն որ  մեր կամքով,
Ու անձայն մենք նրանց գլուխ տանք,
Ու տարվեն փողով ու նոր  փառքով,
Ես ու դու ժողովուրդ  ձևանանք: