понедельник, 25 мая 2020 г.

ԱՇԽԱՐՀԻ ՇԱՀՆ Է ԱՆՎԵՐՋ ԱՆՈԹԻ

Ասում են երկրորդ գալուստ էլ ունես,
Առաջին անգամ հավատը կույր էր,
Խաչվելուց հետո լույս երկնքում ես,
Քո արյամբ պիտի կյանքը նորոգվեր:
Երկրորդ գալուստիդ օր ու ժամ չկա,
Ոչ մեկն այդ մասին հստակ չգիտի,
Գալուստիդ մասին ինչ մոգ լուր կտա,
Աստղազարդ ճամփով, թե առավոտի:
Պիտի գաս իբրև արդար դատավոր,
Անմեղ-մեղավոր իրարից զատես,
Սև ու սպիտակ, խառը թաց ու չոր,
Ու  անցավ երկրի հավերժով ապրես:
Հանկարծակի ես գալու` լուրի պես,
Գաղտնիքի համար բանալին չկա,
Մնա  երկնքում, դեռ ներքև չիջնես,
Աշխարհի դեմքը դիմակ է հիմա:
Թագակիր վիրուս կա աշխարհով մեկ,
Վախից են նրան հավատ խոնարհում,
Դիմակավոր է հիմա ամեն դեմք,
Թաքուն աչքեր են անտես դարանում:
Դու վերում մնա միշտ Աստծո որդի,
Ով դիմակ չունի, թանկ է վճարում,
Աշխարհի շահն է անվերջ անոթի,
Ու մարդասերի անուն է հանում:



четверг, 7 мая 2020 г.

ԿԱՆԳ ԱՌ, ՄՈԼՈՐԱԿ

Կանգ առ մոլորակ, դու շատ ես հոգնել
Թագակիրներիդ չար կատակներից,
Ցավ ու դավեր են քո շնչին չոքել
Քո Երկիր կոչված առաջին օրից:
Պտույտներիդ մեջ քեզնից չես շեղվել`
Կյանքի  պարգևը քո սիրո վկան,
Անկշիռ մանրուք քո մեջ չես պեղել,
Աստվածացրել ես բնակչին քո  տան:
Երես չես թեքել  ապականողից,
Քեզ թալանողին տվել ես նշխար,
Աղբյուր է հորդել խոցված քո կողից,
Աշխարհ ես պահել` տևելով դժվար:
Քեզ շատ են փորձել` սրով ու հրով,
Քո հացի աղով,  գինուդ հնությամբ,
Ականջ է լցվել քո  աղերսներով,
 Խոցվել ես ձեռքով անտարբերության:
Կանգ առ, Երկրագունդ, էլ բավ է հոգնես,
Հանցանքի նման սերը չի ներվում,
Ում շուրթերով էլ դու <աստղ>  կոչվես,
Գահակիրների կամքին ես մնում:











Գարնան շողոտ երկինք,
Արևին աչք բացած,
Ծոցի մեջ լույս ու կիրք
Հողը բուրում է թաց:
Թռչնի վաղորդյան երգ
Աշխարհին հասկացած,
Արևին  տաքացած
Գարնան արևոտ ձեռք:
Հպվում է օրհնանքով
Գլխաբաց աշխարհին
Փռելով հրճվանքով
Շունչը գարնանային:
Ծաղկեփունջ են կապել,
Այգիներ ու անտառ,
Ծաղկեպսակ հագել
Դաշտերը գունավառ:
Բարի գարնանամուտ
Պտղելու տենչ զարթնած,
Ծաղկումին հարսնացած
Երկունքի պահեր սուրբ:

пятница, 14 февраля 2020 г.

ԻՄ

                              ԻՄ

                                                     Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրա,

                                                     իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին,

                                                     քանզի հզոր է սերը մահվան պես (Երգ 8:6):

Սխրանքների թեթև բեռով, տուն էր դառնում,

Ասպետն իր ձիու բաշն ամուր գրկած,

Կաղնուտի միջով էր նրա ճամփան  սահում,

Եվ անտառը ճամփից հետ էր քաշվում կամաց:

Չարի արյուն կար դեռ սայրին նրա թրի,

Փրկվածների ուրախ ճիչեր ականջներում,

Նա  հզոր  էր կռվում,  ընդդեմ  հրեշների,

Եվ ասպետ էր  անգամ, երբ թուրն էր պատյանում:

Սովորական բան էր, ասպետաբար ապրել,

Խղճի կշեռքով էր կյանքը տալիս - առնում,

Սխրանք գործելով էր իրեն չարին մատնել,

Զարմանում էր` զուր են իրեն փառաբանում:

Իր ուժից վե՛ր ոչինչ չուներ կյանքում արած,

Կուլ չէր գնում չարին` բարին պաշտպանելով,

Թույլերի կողքին էր`չարը չգար առաջ,

Նրանց հավատն էր, որ պահում էր հաղթելով:

Տուն էր գնում, թուրը պատյանի մեջ դրած,

Հազարներով մարդիկ թող գոհությամբ ապրեն,

Երկար էր իր ճամփան հոգնություն վաստակած,

Հանգստանալ էր պե՛տք, որ մտքերն հանդարտվեն:

Ասպետին  անծանոթ անտառ էր կաղնուտի,

Նոր արթնացած մանկան խաղաղ օր - արևով,

Մարս էր անունը այդ նվիրյալ ասպետի,

Խիտ  անտառում նա էր հոգնած անցնում ձիով:

Հոգնության դավերից խաղաղ դադար էր պետք,

Ասպետություն չէ՛ր իր այս վարքը անդադար,

Կաղնուտի  շշունջը ասե՛ս անբառ մի երգ,

Փեշերին կաղնուտի լիքը բարիք ու բար:

Մարսը սանձը ձգեց անկամ վարգող ձիու,

Հանգստանալ էր պետք վաղուց մարդավարի,

Սոսափը անտառի ձգվե՛ց  հեռո՜ւ – հեռո՜ւ,

Մարս ասպետի քո՛ւնը ոչ ոք չխանգարի:

Կապեց ձիու սանձը հսկա կաղնու ծառին,

Ու մեկնվեց ծառի երկարած ստվերում,

Անտառը դարձել էր էլ ավելի բարի,

Հին օրերի երգն էր ասե՛ս մտաբերում:

Ու ծանրացավ աչքին կոպը Մարս ասպետի,

Քունը մտքին  պիտի լուսե երազ բերեր,

Բայց դե կամքն աշխարհի լավ ու վատի,

Ո՛չ մի մահկանացու կանխավ դեռ չգիտեր:

Կանացի ծիծաղ էր, եկած երազից շուտ,

Զրնգոցով դիպավ  քունքերին ասպետի,

Աչքի դեմ ճառագեց անտառի դեմքը լուրթ,

Աստղափունջ էր ասե՛ս խումբը աղջիկների:

Անտառի բարիքից կողովներում ուսած,

Գալիս էին նրանք անհայտ ասպետին մոտ,

Բայց տեսնելով նրան կանգնեցին վախեցած,

Հարազատ անտառը մայր էր դարձել հանց խորթ:

Փախչել էր հարկավոր, նրանք իրար անցան,

Նրանց վախն ասպետից չէ՛ր կարող մնալ լուռ,

Չհիշեցի՛ն իրենց եկած ծանոթ ճամփան,

Ճչում էին միմյանց գրկի մեջ վախով կույր:

-Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում դու մեր ճամփից,-

Կարկամելով էին դիմում Մարս ասպետին,

-Մենք հեռո՛ւ ենք այնքան ձեր աշխարհի մեղքից,

Դեն նետե՛ք ձեր թուրը ու պինդ պահող գոտին:-

Մարս ասպետը խոնարհ ծնկեց նրանց առաջ,

Միշտ չէր, որ նա պիտի թրով հաղթանակեր,

Չէ՛ր ուզում, որ մնար քնքշանքին անճանաչ,

Նրա սիրտը սիրո կարոտի փափագ էր:

Գորովալից խոսեց, խոսքով իմացական.

-Հրեշտակնե՛ր եք դուք, աչքիս տեսանելի,

Երազա՜յին այնպես ու այնքա՜ն  իրական,

Ես ասպետ եմ հիմա՛ ձեր հմայքին գերի:

Ձեր անվտանգ օրվա պաշտպանը կդառնամ,

Ասպետի ինձ տրված վարքին հավատարիմ,

Կմնամ ի՛մ խղճին, ի՛մ թրին բարեկամ,

Ձեր նման կլինի իմ ճանաչած բարին:-

Մարս  ասպետը նրանց չմնաց անճանաչ,

Հավատացին նրա անկեղծ խոսք ու վարքին,

Իրարու ժպտալով,  հանդարտվեցին կամաց,

Ու չիմացան ինչպես հայտնվեցին կողքին:

Հարազատի նման ընդունեցին նրան,

Խմբվել էին շուրջը խոսքով մտերմաբար,

Մոտիկացան Մարսի պատմությանը այնքան,

Թվաց մարտնչել էր Մարսը իրենց համար:

Մարս ասպետի սրտին մեկը սիրով դիպավ,

Աղջիկներից մե՛կը, իրեն չունե՛ր նման,

Մտքի մեջ ամոթխած տենչաց Մարսը նրան,

Քաղցը իր սիրելու ծարավ ուներ օվկիան:

Կույսի գեղեցկության լույսին գերվեց հոգին,

Սիրտը չէր ճանաչում կամքը կրքոտ մտքի,

Այսչա՜փ աստվածային լինե՛լ  հողեղեն կին,

Խոցող ձեռք էր, թե՛ նոր սպեղանի վերքի:

Աաղջկա անունն էր այրվող շրթունքներին,

-Վեներա՛,- հնչում էր մտքի մեջ տիրաբար,-

Ասպետաբար էլ են դառնում սիրո գերին,

Նրան սպասել էր  ապրած կյանքից երկար:

Ու որոշեց լինել կողքին Վեներայի,

Նա իր սպասումն էր ու կարոտը անմահ,

Նրան ոչ մի ասպետ իր նման չէր սիրի,

Նրա համար անմեռ հոգին մահին կտար:

Մարս ասպետը խնդրեց ձեռքը Վեներայի,

Նրա ծնողներին դարձավ սրտով խոնարհ.

-Աստծո կամքով էր, որ ձե՛ր տան ճամփով գայի,

Վեներա՛ն ինձ համար կատարյալ մի՛ աշխարհ:

-Մարսը մեր աղջկան լույսն իր կվարարի,

Ասպետությամբ է նա մարդկային ու արդար,-

Ծնողների կամք ու օրհնություն էր բարի.

-Թո՛ղ երջանիկ լինեն, ապրե՛ն կյանքով երկար:-

Մարսը հասցրել էր գերել սիրտը նրանց,

Աղջկա ծնողքը կողմ եղան միության,

Երջանկության համար պակաս բան չմնաց,

Զույգը արժանի էր սուրբ ծես ու օրհնության:

Վեներան երազկոտ թախծում էր լռակյաց,

Նրա երազանքի ասպետը ուրիշ էր,

Աստղոտ երկնքով էր նրա ճամփան անցած,

Նրա վառ կարոտը դեմք ու անուն չուներ:

Իր հեռվից նա մի օր պիտի՛ իրեն  հասներ,

Լուսե սպասումը մի օր կարդարանար,

Բայց Վեներան ինչքա՞ն կարոտով սպասեր,

Նրա գալու օրն ու ժամը ի՞նչ իմանար:

Ժպտում էին բարի նրան հայրն ու մայրը.

-Երեխա ե՛ս դու դեռ,- ասում միաբերան,

Տխրում էր Վեներան, տխուր էլ էր լավը,

Մարս ասպետի սերն ու աստվածուհին էր տան:

Միությունը նրանց լցվեց մանկան ճիչով,

Մարս ասպետը այր էր դարձել սիրագորով,

Մայրացած Վեներան հին մտքերի միջով,

Երազի ասպետի հետ էր կիսատ օրով:

-Դու դե՛ռ երեխա ես,- ծնողքն էին ասում,

Մի՞թե չէր մեծանում նրանց աչքին ինքը,

-Դու դեռ երեխա՛ ես,- Մարսից էլ էր լսում,

Իր ասպետին աստղոտ պահում էր երկինքը:

Ժամանակն էր հոսում օրվա ապրումի հետ,

Տարվա եղանակ էր ասե՛ս փոփոխական,

Ճամփեքը չե՛ն պահում ամեն  մի  ոտնահետք,

Դեռ բազում ասպետներ նույն ճամփով պիտի գան:

Վեներան ապրում էր Մարսի հետ կողք – կողքի,

Աշխարհը ծնողքը լքել էին վաղուց,

Հասուն զավակների հեռուն էր անհոգի, 

Ապրում էին նրանք, ասես մահին ի ցույց:

Իրարից անբաժան Վեներան ու Մարսը,

Օրերի մեջ իրենց դարն էին գլորում,

Եվ թողությամբ կիսում նշխարքի պես հացը,

Ոսկորների ցավին դիմանալ սովորում:

Մարս ասպետը ծեր էր, կծկված անկողնում,

Էլ չէր կարող հանել թուրը իր պատյանից,

-Վեներա՛,-  անունն էր շրթունքների դողում,

Թանկ էր նա իր համար ապրած կյանք ու մահից:

-Վեներա՛, - անցնում էր ձայնը կնոջ կողքով,-

Մարմրող հայացքով սրտից հայցում ներում.

Չգտավ այն մեկին կինն իր սիրո մեղքով,

Թողեց նրան հավերժ օտար երկինքներում:

Շրթունքներն էր անկյանք Մարսը շարժում,

Վեներան  դարձել էր կողքին ցավից մի բուռ,

Երազած ասպետի ձայնն էր ականջներում,

Կարծես նա էր ձայնում, հեռուներից տխուր:

-Ի՜Մ,- ձայնեց Վեներան, Մարսի շնչին թեքված,

Ի՛Մ,  անունն էր անլուր գտնված կարոտի,

 Ասե՛ս լեթարգիական քնից նոր արթնացած,

 Փրկում էին  սե՛րը, անմեռ երկու հոգի:

 











Ընտրյալը դու ես, և կանչվածն ես դու,
Փորձության համար ուրիշը չկա,
Բախտիդ` անխռով, Աստըծուդ` հլու,
Օրվա հոգսն հետդ ուր ասես կգա:
Գնում ես ճամփան, որ տրվել է քեզ,
Անապատային ծարավին ծանոթ,
Քեզ բարձունքներից հրել են ներքև,
Վրեժիդ աստված մնացել է խորթ:
Աջից  են հրել, ձախից քեզ խոցել,
Բազում խոստումներ տվել վերևից,
Փորձ ու փորձության շատ ես դիմացել,
Թեթև ես տարել Աստծուդ քո բեռից:
Դու ես ընտրյալը`ականջդ կանչի,
Դիմակի երկդեմ`սև ու սպիտակ,
Ոչ մի մատնիչ պաչ կամքդ չի խաչի,
Ուզենաս`կանցնես դռներով էլ փակ:
Ընտրյալը դու ես, աչքերդ բացիր,
Կանգնել ես նորից լացի պատի տակ,
Արցունքներդ թող,  պատից բարձրացիր,
Ժողովուրդ, ներիր,  խոստումը դատարկ…


воскресенье, 2 февраля 2020 г.


Գիշեր էր հիվանդոտ`երեսին կայծ չկար,
Մութ էր անտանելի ու անհավատ,
Քնելն ինձ կփրկեր, մեկն իր երազն ինձ տար,
Թվում էր թե չկար, ոչ մեկն ինձանից վատ:
Քնելն ինձ կփրկեր, մինչև կլուսանար,
Հոգոցներով լի էր մենությունը ծանոթ,
Աչքերս փակում եմ ինձ օգնելու համար,
Ու թողնում եմ քունը գա աչքիս մոտ:
Բայց գալիս է նա ինձ մոխրագույն ամպերով,
Ամպերի դեմ մենակ ես եմ կանգնած,
Երկինքը նայում է իրեն իմ աչքերով,
Սև արծիվ է դառնում մեկ էլ հանկարծ:
Երկնքի չափ հզոր արծիվ  թևատարած,
Դեպի ինձ է գալիս օդի նման,
Խոսք եմ հղում նրան ասես գտած,
Տեղից չշարժվելով մի քայլ անգամ:
-Կիսատ գործեր ունեմ`ես չեմ ուզում մեռնել,
Համարձակ ու անվախ նրան տալիս եմ ձայն,
Չգիտեի նրան թե էլ ինչպես դիմել,
Թափանցիկ է դառնում մեկ էլ օդի նման:
Որքան վեհ էր տեսքը ու գեղեցիկ,
Մտքիս մեջ պահում եմ մեծությունը նրա,
Քունը փրկություն էր, երազը`անցողիկ,
Արթնացումի պահն էր դարձել վկա…



Ձմռան օր է,  ձյուն է մաղում,
Լուսն է այսօր առատ,
Ճերմակ սավան, վերմակ փռում
Երկինքն` աչքերը փակ:
Մի մարդաբոյ քամի նվազ
Ձյուն է ափին բերում,
Փաթիլների սառը մի պարս
Ապտակով նվիրում:
Շագանակի ծառը իրեն
Տերևներ է պահել,
Եվ խունացած տերևներին
Փաթիլներով շահել:
Թռչուններ են ասես թառել
Հարսնաքողեր գլխին,
Ծառը շուքն է վարարել
Ճյուղատարած կրքին:
Ձմռան օր է  ձյունառատ,
Աշխարհն է ճերմակել,
Քամին էլ է հագել ճերմակ
Ու  ձյան նման փափկել…


вторник, 7 января 2020 г.

Իմ հոր տունն է այս աշխարհը,
Որ շուկա է առ ու ծախի,
Ընդհանուր չէ երբ մեր շահը,
Պատրաստ եղիր միշտ հարվածի:
Իշխելու մեծ տենչն անհնար,
Պիտի հանի մեզ իրար դեմ,
Մեր պայքարը չունի դադար,
Ինչ անուն էլ, երբ էլ կրեմ:
Համախոհներ միշտ կլինեն`
Մարդաորսն է ընդունելի,
Հոժարակամ կնվիրվեն
Մեզնից մեկին` էլ ավելի:
Մեր տան սիրուն, հանուն մեր հոր`
Կաղաղակենք  մենք` դեմ` ընդեմ,
Թաքուն ոխով, տենչով մի նոր
Մենք ու ձերոնք թող որ բախվեն:
Մահվան մտքից մեռնող չկա
Խոստում ունենք հավերժ կյանքի,
Առ ու ծախի մի մեծ շուկա,
Թե` ինձ, թե`քեզ, պիտի խաբի…