понедельник, 25 мая 2020 г.

ԱՇԽԱՐՀԻ ՇԱՀՆ Է ԱՆՎԵՐՋ ԱՆՈԹԻ

Ասում են երկրորդ գալուստ էլ ունես,
Առաջին անգամ հավատը կույր էր,
Խաչվելուց հետո լույս երկնքում ես,
Քո արյամբ պիտի կյանքը նորոգվեր:
Երկրորդ գալուստիդ օր ու ժամ չկա,
Ոչ մեկն այդ մասին հստակ չգիտի,
Գալուստիդ մասին ինչ մոգ լուր կտա,
Աստղազարդ ճամփով, թե առավոտի:
Պիտի գաս իբրև արդար դատավոր,
Անմեղ-մեղավոր իրարից զատես,
Սև ու սպիտակ, խառը թաց ու չոր,
Ու  անցավ երկրի հավերժով ապրես:
Հանկարծակի ես գալու` լուրի պես,
Գաղտնիքի համար բանալին չկա,
Մնա  երկնքում, դեռ ներքև չիջնես,
Աշխարհի դեմքը դիմակ է հիմա:
Թագակիր վիրուս կա աշխարհով մեկ,
Վախից են նրան հավատ խոնարհում,
Դիմակավոր է հիմա ամեն դեմք,
Թաքուն աչքեր են անտես դարանում:
Դու վերում մնա միշտ Աստծո որդի,
Ով դիմակ չունի, թանկ է վճարում,
Աշխարհի շահն է անվերջ անոթի,
Ու մարդասերի անուն է հանում:



четверг, 7 мая 2020 г.

ԿԱՆԳ ԱՌ, ՄՈԼՈՐԱԿ

Կանգ առ մոլորակ, դու շատ ես հոգնել
Թագակիրներիդ չար կատակներից,
Ցավ ու դավեր են քո շնչին չոքել
Քո Երկիր կոչված առաջին օրից:
Պտույտներիդ մեջ քեզնից չես շեղվել`
Կյանքի  պարգևը քո սիրո վկան,
Անկշիռ մանրուք քո մեջ չես պեղել,
Աստվածացրել ես բնակչին քո  տան:
Երես չես թեքել  ապականողից,
Քեզ թալանողին տվել ես նշխար,
Աղբյուր է հորդել խոցված քո կողից,
Աշխարհ ես պահել` տևելով դժվար:
Քեզ շատ են փորձել` սրով ու հրով,
Քո հացի աղով,  գինուդ հնությամբ,
Ականջ է լցվել քո  աղերսներով,
 Խոցվել ես ձեռքով անտարբերության:
Կանգ առ, Երկրագունդ, էլ բավ է հոգնես,
Հանցանքի նման սերը չի ներվում,
Ում շուրթերով էլ դու <աստղ>  կոչվես,
Գահակիրների կամքին ես մնում:











Գարնան շողոտ երկինք,
Արևին աչք բացած,
Ծոցի մեջ լույս ու կիրք
Հողը բուրում է թաց:
Թռչնի վաղորդյան երգ
Աշխարհին հասկացած,
Արևին  տաքացած
Գարնան արևոտ ձեռք:
Հպվում է օրհնանքով
Գլխաբաց աշխարհին
Փռելով հրճվանքով
Շունչը գարնանային:
Ծաղկեփունջ են կապել,
Այգիներ ու անտառ,
Ծաղկեպսակ հագել
Դաշտերը գունավառ:
Բարի գարնանամուտ
Պտղելու տենչ զարթնած,
Ծաղկումին հարսնացած
Երկունքի պահեր սուրբ: