четверг, 19 декабря 2019 г.


Իզուր եք կարծում, թե ձեզ չեմ սիրում,
Ինձ հետ մեկուսի մնալով այսպես,
Սեղաններին ձեր օտար եմ մնում,
Տոն օրերին էլ չեմ նվիրում ծես:
Ամեն շփումից` հնագետի պես,
Պեղում եմ խոսքի տողատակերը,
Հոգնում եմ հաճախ իմ մտքերից ես,
Ինձ հետ մեկուսի մնալով ձերը:
Հոգնում եմ աչքից հեռու իմ օրից,
Որ կեսօրին է հաճախ արթնանում,
Ասես նա էլ է ծնված չոր կողից,
Ձեռքը ծոցին է կարոտին մնում:
Իզուր եք կարծում, որ մարդասեր չեմ,
Ձեզանից հեռու` ինքս ինձ հետ մենակ,
Հոգնում եմ ինձնից, թե ձեզ հյուր կանչեմ,
Եվ ինձ եմ պահում այսպես փակի տակ:
Հաճախ եմ թեպետ անպարան կախվում,
Բայ դեռ սիրում եմ այս աշխարհն ու մեզ,
Մարդիկ, մտքերս հաճախ են բախվում,
Բայց հոգուս սիրուն պարտական եմ քեզ:









среда, 18 декабря 2019 г.


2019թ.դեկտեմբեր

Տուն գնացեք, մայրեր,
Ձմեռ է փողոցում,
Դուք հազար հոգսի տեր,
Ցավը պահած ծոցում:
Սևերի մեջ, մայրեր,
Ձեր սիրտը անարյուն,
Նա իր ցավին լռել,
Կարոտից է ճչում:
Թանկ է կորուստը Ձեր,
Կյանքը ամաչում է,
Վրեժն արդարացվեր`
Ձեր ձայնն աղմկում է:
Ձեր որդիքը զինվոր
Գնացին` ետ չեն գա,
Դուք անմեղ`մեղավոր
Փողոցում եք հիմա:
Դրսում ուշ ձմեռ է,
Ցուրտն է ժամանակին,
Օրը անտարբեր է,
Ձեր սև հագ ու կապին: 
Նոր Տարի պիտի գա,
Փողոցն է զարդարվել,
Նոր եղևնի էլ կա
Լույսեր է վարարել:
Տուն գնացեք, մայրեր,
Տոնը մոտենում է,
Մթնեց օրն անարև,
Ցուրտը սաստկանում է….

вторник, 9 июля 2019 г.

ՀԱՅՐՍ


Կարոտիս կանչին լուռ քնած է խեղճ հայրս,

Հալված  մոմի պես է այրող հուշերիս մեջ,

Արցունքիս պես փխրուն սրտի տեր էր հայրս,

Ձայնի ամպրոպներում թաքցնում էր անվերջ:

Մանկան նման մեծ ու կենսախինդ էր հայրս,

Գերի էր իր խղճին` օրհնանքն ինչ սակարկել,

Նրա դրած պատով գոհ է հարևանս,

Շինարար էր հայրս, օջախ գիտեր հարգել:

Իր վաստակին հալալ տեր ու պաշտպան, հայրս,

 Հարգով հաց ու ջրի տան դուռը բացողին,

Օրը իր հետ չգար, օրվա հետ էր հայրս,

Հալալ  լինի կերած հացն ու խմած օղին:

Հավերժական  հույսով, ախ, միամիտ հայրս,

Մեկ օր մնաց անվերջ գիշերվա մեջ քնած,        

Կարոտով կանչեցի, արցունքոտվեց ձայնս,

Քնից էլ  չարթնացավ`  անհավատ է հայրս:








среда, 3 апреля 2019 г.

Գարուն, սրտովս է գալդ,
Ցուրտը սառույց էր կապել,
Աչսքս սառել էր ճամփիդ,
Սպասումից խեղճացել:
Քեզնով հալոցք է հիմա,
Ներսն ու դուրսն է տաքացել,
Չկա փակ դուռ ու ճամփա,
Որ քո առաջ չի բացվել:
Բարի գալուստ եմ ասում,
Օրն իմ մանուկ է նորից,
Վաղուց տարիքս է հասուն,
Գարուն,  մեծ ես դու ինձնից…