воскресенье, 19 октября 2014 г.


Թևերս հոգնել են ,թե ես եմ ծանրացել,
Բարևի չափ երկինք նվիրելու համար,
 Արեգակի տաքից ինչքան եմ հեռացել,
Որ մրսում եմ արդեն իմ մեջ երկար:
Մտքիս մեջ է անվերջ անկումների ցավը,
Ամպոտած վերևում հեռուն ուր է գնում,
Նոր թև էլ չի տալիս ինձ այսօրն ու վաղը,
Թևավորս էլ գուցե անկումս չի ներում:
Թևերս հոգնել են ու մտքով եմ թևում,
Բարևի չափ երկինք ինձ բերելու համար,
Ինձ պոկել եմ ուզում գետնից այս երերուն,
Ու հուշի մեջ երկնի  ապրել կյանքը անցավ…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ
Համո Սահյան եմ կարդում փակված սենյակում,
Եվ անդորրն իմ սենյակի ելնում է ոտքի,
 Նրանից մաս եմ փնտրում լույս հանգ ու վանկում,
Եվ սիրելի պոետն ինձ տալիս է ոգի:
Նրա սեր ու կարոտի խանդով եմ լցվում,
Նա իմ արյան կանչի պես մոտիկ է այնքան,
Համո Սահյան պոետին` ունեցած` ցնծում,
Նա բնակիչն է ասես սենյակիս չափ տան:
Նրա երգով չափում եմ մեր սար ու ձորը,
Ու փարվում եմ ծաղկունքին հայրենյաց հողի,
Ու ծերպից կախ մասրենու կարմրած դողը
Թրթռում է իմ հոգու  երկունքով հղի:
Նրա աչքի մշուշված թախիծն եմ կարդում,
Ծուխ չունեցող երդիկի համար խեղճացած,
Անիծվածի նման է լքվածը տնքում,
Կողպեքներ կան դռներին ժանգի մեջ կորած:
Նրա սրտով եմ գնում`մնում  իմոնց հետ,
Ու Հայաստան ասելիս նրա հետ ծնկում,
Եվ ժամանակը` ինքը,հանց  պոետը խենթ,
Երկնանում է երգի չափ   ու… օրն իր  ծխում:






Ինձ  որոնող հույզերի լուսամփոփներում,


ՉԼԱՑԵՔ  ԻՄ ԱՉՔԵՐ
Հուզմունքից էլ իզուր,
Չեմ ուզում ինձ տեսնել
Ամպոտած ու տխուր,
Չլացեք,իմ աչքեր:
Թող ցավը լացի պես
Փլվի իմ կոկորդում,
Անցավ  եմ`ասեմ ես,
Ու մնամ անկոտրում:
Թող մշուշ  չկապի,
Աչքերիս լույս հեռուն,
Թող լինեմ օդի պես
Թեթև  ու դիմացկուն:
Չար խոսքի որոտից,
Չփնտրեմ էլ շանթեր,
Չտանջեմ իզուր ինձ,
Չլացեք,իմ աչքեր:
Արցունքի նման ես
Ախ,ջրիկ եմ նորից,
Չլացեք,իմ աչքեր,
Չքշեք անկյուն ինձ:


Թաց տխրությունը իրիկնամուտի
Իմ պատուհանին հպվել է դեմքով,
Ինչքան էլ բարակ անձրևը  մաղի
Մարմրող օրը ունի հոգու դող:
Ամռան արևի զնգոցը չկա,
Երկնքի տաքն ու ժպիտը կարող,
Աշուն է,այսօր անձրևոտ է նա,
Իմ պատուհանից նայում է լալով:
Քամին գետնաքաշ  օրերից հոգնած
Կիսամերկ բարդու կատարն է ելել,
Տերևների մեջ  բողոքը պահած
Ծառին փորձում է  կանգնած օրորել:
Մերկությունն օրվա տրվել է դողին
Կաթող երկինքը էլ թև չի տալիս,
Ունեցած լույսը փռել է հողին,
Աշնան թաց քամին թավալ է գալիս….


Ժպիտ չեն դեմքիս ծաղիկներն անգամ,
Որ մանուշակ են,վարդեր ու կակաչ,
Տեղս չգիտի վաղուց իմ արքան,
Դուռս չեմ բացում թակողի առաջ:
Փակվում եմ ներսից դրսում էլ անգամ,
Առաջվանից էլ փխրուն եմ հիմա,
 Գտնում եմ մոտիկ տուն տանող ճամփան,
Տանն ասես վաղուց սպասում է նա:
Այդ ծաղիկները թփից մի պոկիր,
Որ մանուշակ են,վարդեր ու կակաչ,
Փնջելու համար ծաղկանց մի ջոկիր,
Մի կարճիր իզուր նրանց կյանքը կարճ:

Անիմաստ,անհեթեթ իմ հավատ,
Ում հետ ես բողոքի ցույց արել,
Փողատեր ամեն մի կավատ
Ինձ  հետ քեզ շուկա է տարել:
Առել ու ծախել են մեկմեկու,
Մեզանով իշխան են ու արքա,
Մեկ չեղանք`մնացինք միշտ երկու,
Նրանք էլ մնացին միշտ ագահ:
Ու հիմա,դու հիմա իմ հավատ
Ինձ հետ ես ,որ անհույս չմեռնեմ,
Որ խմենք կյանքը մեր մի գավաթ
Ու հետո թող ցույցը մեր ցրեն:



Արևը ձեռքերն էլ չի երկարում,
Թե առաջվա պես կրակներ վառի,
Օրն ամառվա պես չի ջերմանում,
Մրսում է անվերջ`ինչպես այրի:
Լքումի ցավը  անժպիտ դեմքին`
Երեկվա օրը գնաց կորչելու,
Քամի է փչում դարձի   ճամփեքին ,
Կորած հետքերն են հար մոլորվելու: 
Սպասումների շարան է տխուր,
Որ փաթաթվում է ծառ ու խոտերին,
Աշնան թախիծը` աղոթքի պես լուռ,
Փարվում է  սառչող մերկ հոգիներին:
Ուրացումների գիշերներն անթիվ
Լուսաբացներին  մրուր են խառնում,
Աշունն աչքի մեջ տխրության կաթիլ
 Գնում է  տնից,որ մեռնի հեռվում:


Երես եմ թեքում քո ցավից`
Ինձ համար սովորական,
Գահակիրներիդ խավից,
Խաղերից պաշտոնական:
Խուլի նման եմ դարձել`
Էլ հետ չեմ նայում,
Այս ինչքան են շատացել
Պարտքերը քո աշխարհում:
Բերանս էլ չի բացվում
Օրենքներիդ առարկեմ,
Քեզ ինձանով են փորձում
Քո դեմ դուռս որ փակեմ:
Մուրացիկներն աներես
Փողոցներդ են երկարել,
Որ աչքերիս չնայես
Ես քեզ մեջքով եմ դառել:
 Անկախ ես, խոսքդ`  ազատ,
Շղթաներդ չհաշվես,
Երկիր իմ,տուն հարազատ,
Փախչողի հետ ուր փախչես:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Մտքիս մեջ,  սրտիս մեջ ու արյան
Ապրում ես ինձանից առավել,
Դու մոր պես,դու տան պես չես միայն`
Երկիր ես ինձ համար դու պահել:
Հայերեն լեզվով են միտք արել
Խոհերը ազգասեր  պապերիս,
Հնչել ես զանգի պես, վարարել
Եկել ու հասել ես այսօր ինձ:
Քեզանով խնդում է ու ապրում
Թոթովանքն իմ մանկան բաղձալի,
Հայատառ գրում ու  կարդում,
Հասնելով ականջին  աշխարհի:
Հին ես դու` արևի պես ծագող,
Ինձ տրված կամքից էլ դու ազատ,
Անունդ քաղցր է ու հոգեթով
Իմ լեզվին` հայերեն  հարազատ:
Երկրիս պես` բախտ է քեզ ունենալ,
Իմ հոգու  օրրանն ես  արևել,
Քեզ ծառա ու հավերժ  տեր մնալ,
Աստծուն էլ  հայերեն բարևել :









ԱՇՈՒՆ
 Վարդագույն ես, ծիրանի ու մի քիչ կանաչ,
Դու հազարան հավքի պես գունեղ ես դառել,
Այդպես չեն զուգվում նույնիսկ տոնին ընդառաջ,
Անկեզ կրակ ես մորու` խարույկ ես վառել:
Անտառներում, դաշտերում, ծառին իմ բակի
 Փռել ես շուքն  հրճվանքիդ այնքան հուզառատ,
Դու բերքի տակ ես ճկվում`  մինչդեռ թեթև է հոգիդ, 
Թեև  արևդ ,Աշուն, ամառվա չափ չունի կյանք:
Բայց դու կրքով շորորա,փռիր հոգուդ գույները,
Քանի ձյունը չի նստել   հույզերիդ ծովին,
Թափ տուր փեշդ` բաժանիր քո վերջին սերը,
Հետո գնա ու կորիր խենթ քամու թևին…