Աչքիս փուշ էր անկողինս,
Գիշերն այսօր շատ երկարեց,
Սիրտս ծակեց ու մարմինս
Ցավի
ճիչը իրեն պահեց:
Պտտվեցի, ոնց մոլորակ,
Լռության մեջ իմ սենյակի,
Մրսում էի անարեգակ,
Միտք չունեի հագ ու կապի:
Ինձ խաբեցի ղուշ ու գրով,
Չունեի ես էլ ուրիշ դեղ,
Սպասեցի հույսից խռով,
Օրը
բացվեց լույսով անմեղ :
***** *******
Հարցնում ես` ոնց եմ առանց սիրո ապրում,
Քանզի սիրելով եմ ես երջանիկ,
Մենությունն իմ օրվա հագուստի պես հագնում,
Ու հայելուս տալիս անսեր տարիք:
Խնդությամբ լի սինի կյանքն ինձ չնվիրեց,
Ունեցածիս համար գոհ եմ լինելու չափ,
Իմ կամքն Աստծո կամոք հարատևեց,
Մենության մեջ գտա քաղցր տանջանք:
Չգիտեի կանխավ իմ բախտը պոետի`
Անդինից տուն բերող կամուրջ ու ճանապարհ,
Գանակոծել է ինձ կոտրած ձեռքն աղետի,
Մտքիս մեջ կան ցավի բլուրներ ու խաչքար:
Երջանկության տոն է այցը որդիներիս,
Թոռնիկներիս համար մայրանում եմ կրկին,
Արձագանքն իմ սիրո թևերին երգերիս,
Սիրտ են տալիս, ոգի, պոետիս երկունքին: