воскресенье, 14 июня 2015 г.


Արևը ձեռքերն է լվանում`
Երկինքը  կաթում է  անկամ,
Տխուր է օրը արթնանում`
Տրորված` ճամփի նման:
Անգույն է հայացքն ու սառած,
Աչքի մեջ խնդություն չի շողում,
Չի սիրում ինքն իրեն թրջված,
Մտքերի հեղեղից է դողում:
Երկնքում ամպեր են հավաքում,
Եկել են կորած ու մոլորված,
Օրն ընկած դռներ է թակում,
Արևին պատուհանը բաց:


Երկնքը ծածկել են ամպերը,
Էլ ինչպես աշխարհը երևա,
Կապույտ չեն`մթնած են աչքերը
Քնի մեջ  ծոցվորած այսօրվա:
Դավի պես թաքուն են վերևում
Կրքերը կուտակված ամպերի,
Մտքի պես իրար են բերում,
Մեծանում ձևի մեջ ու դերի:
Երկունքը ձայնեղ է երկնքի,
Ամպերին փախչելու տեղ չկա,
Փայլուն է ճայթյունը թեժ կրքի`
Ամպն ամպին հազիվ թե գթա:
Բախվում են`ուզեն թե չուզեն,
Ապրելու էլ ուրիշ ձև չկա,
Ջրկում են, որ իրար սուզեն
Հույզի մեջ  երկնքի` մի պահ:
Փլվում է երկինքը հույսի պես,
Վարարում կաթոցից սպասված,
Անձրև է, գալիս է գժի պես
Ճամփեքը վազում են ընդառաջ…


Իմաստազուրկ է օրս`իզուր արթնացա,
Կոպերիս տակ ես գոնե լուսավոր էի,
Երազներս թողեցի`աշխարհը անցա,
Ու չեմ ուզում օրս ինձ  շան պես սովորի:
Էլ չեմ ուզում որ մնա հանգավոր խոսքիս,
Անիմաստ է քաղցելը`հագեցում չկա,
Երբ մեռնում եմ, էլ իզուր չմնա կողքիս,
Սիրո ճաշին նա մեկի գուցե թե պետք գա: