среда, 27 апреля 2022 г.

 

ՀՈԳԻԴ ՀՈԳՈՒՍ ՃԱՄՓԱՆ ԳԻՏԻ

Սովորական մի այր չես դու,

Սովորական չեմ քեզ համար,

Մոլորակ ենք ասես երկու,

Իրար գալու որ չունեն ճար:

Բախտ է սերը պլատոնյան,

Որ երկինք  է պահում անմահ,

Հանդիպումի ոչ մի կեռման

 Չունի այսչափ հավերժող պահ:

Պտտվում ենք մեզնից անկախ,

Հպարտությանը մեր գերի,

Խառնվում են մտքում ավաղ

Հաշիվները պտույտների:

Ու մնում է սիրել անվերջ,

Հոգիդ հոգուս ճամփան գիտի,

Որ  իմ ու քո երկնքի մեջ

Ընկնող աստղի պիտի փրկի:

 

ԻՆՁ ՉՍՊԱՍԵՍ

Սիրո խոսք չեմ ասի, ինձ չսպասես,

Փորձության չեմ տանի իմ հույզերը,

Թող խոսքի ժլատ եմ, թող մտածես,

Որ չգիտեմ սրտիս սիրո տեղը:

Քեզնից թաքուն ու ամենքից թաքուն,

Ես գժուկ կանվանեմ քո կարոտին,

Չեմ կանչի բարձրաձայն` թող չգա տուն,

Օղակ չեմ հագցնի նրա ոտքին:

Մասնակից չեմ լինի հաղորդության

Մարմնի ու արյան` շեմից առաջ,

Թող մեր սերը ապրի երգի նման,

 Արձագանքի նման  չտեսնված:         

 

ՀԱՑԸ ՄԵՐ ՉՈՐ ԷՐ

                              Моим стихам, как драгоценным винам

                               Настанет свой черед,Մարինա Ցվետաևա
Ես մենակ չէի` երեքով էինք,

Սուրբ երրորդության անունը չկար,

Մենք հաց ու գինով պիտի տոնեինք

Մեր մանուկ սիրո ծնունդը արդար:

Հացը մեր չոր էր, կիսել չստացվեց,

Բաժակը գինով ընկնելու էր ցած,

Մեր մանկան աչքում լույսը չբացվեց,

Ապրելու ճիչը խուլ էր ու անլաց:
Ես դահիճ էի, դու`մի լուռ վկա,
Մի սպանիր` ինձ ինչու չասացիր,
Բաժանումի մեջ հավերժություն կա,
Հուղարկավոր է խիղճս մտացիր:

Մենակ եմ էլի, գնում ես` գնա

Չհայտարարված լռության միջով,

Հարության տոնի լուրը թող մնա,

Որ նորից լցվեմ արարման ճիչով:

 

ՁՆԾԱՂԻԿ-1

Ձյուների մեջ վաղ գարունը ծաղկեց ծաղիկ,

Թերթերը` նուրբ, բույրը` անուշ, աչքն արևին,

Ոտքը հողոտ, գլխիկը վեր մատնաչափիկ,

Գարնան շունչը նա ավետեց ցուրտ աշխարհին:

Ուրիշ ծաղկունք ու տաք օրեր նա չտեսավ,

Բացվեց, ժպտաց գարնանային կյանքին գալիք,

Գարնա սիրուց նվազ մի շող բաժին  հասավ,

Ու հեռացավ ձյուների հետ նա Ձնծաղիկ:

 

****

ՁՆԾԱՂԻԿ-2

Գարնան կանչին ծիլ տվեցիր` ելար հողից,

Շուրջդ ձյուն էր` ձյունից սառը փչող քամի ,

Մի մատնաչափ վեր ձգվեցիր մրսած դողից,

Գարուն ասիր լույս օրերիդ ամեն շողի:

Ավետեցիր գարնան գալը ցուրտ աշխարհին

Ծաղկումով  վաղ ու միամիտ թովչանքով լի,

Ծաղկաթերթեր նվիրեցիր վերջին ձյունին,

Ու հեռացար առանց վարդ ու կակաչների…

Քեզ  Ձնծաղիկ ասաց աշխարհը դեռ սառած,

Ուրախացավ աչքը հողի բացված քեզնով,

Գարուն եկավ բազում ծաղկանց բույրով արբած,

Բայց ճանաչ էր նա ամենքին ավետումով….

 

 

ԱՍԵԼԻՔ ՇԱՏ ԿԱ` ԽՈՍԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Ասելիք շատ կա` խոսել չի լինում,

Ձեր լռությունն իմ համրության վկան,

Ձեր շարքերի մեջ Աստծուն որոնում,

Ձայնս խոսելու, որ ես նրան տամ:

Թող  լույս լինի` որ կրկին ասի նա,

Ու քնի դավից արթնանաք հանկարծ,

Ձեր շարքերի մեջ լույսը բազմանա,

Ձեր վերադարձով այնքան սպասված:

Ձեր կորստյան հետ ապրում ենք անհաշտ,

Գլուխ խոնարհում Ձեր փառքին անմահ,

Հողն էր հայրենի պատերազմի դաշտ,

Կյանքի գին ունի մի բուռը նրա:

Լուռ եմ արտասվում  Ձեր աչքերի մեջ ,

Ձեր անունով կան աղբյուր ու խաչքար,

Մեկդ հնչում եք Կոմիտասի պես,

Մեկդ Նժդեհ եք պահանջով արդար:

Դեռ պիտի բացվեք Մհերի դռնով

Դատարկ չմնա գավաթը հույսի,

Հարության տոնին  հաց  թրջեք գինով,

Պատվո խոստումը ունեք հերոսի:

Ասելիք շատ կա` խոսելն է դժվար,

Չհայտարարված լռությամբ խնկեմ,

Իմ կյանքը կարճ է, Ձերն հավերժ երկար,

Մհերի դռնով թողեք ներս մտնեմ….

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Քարքարոտ, քարոտ

Հող իմ հայրենյաց,

Հուշը իմ նախնյաց

Ընձյուղել ես ինձ:

Իմ հավատի գին,

Իմ քարահալած,

Քո բաժին երկնի

Այգին աչքաբաց:

Երկիր արևոտ`

Սիրուս անկեզ հուր,

Իմ նախնյաց նարոտ,

Լույսի պես մաքուր:

Հայաստան աշխարհ,

Զորավոր իմ խաչ,

Քո ճամփին դժվար

Ես գինի ու հաց:

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

                  Աստծո հետ խոսելու

                 միակ լեզուն հայերենն է

                                      Ջորջ Բայրոն

 Մտքիս մեջ,  սրտիս մեջ ու արյան

Ապրում ես ինձանից առավել,

Դու մոր պես, դու տան պես չես միայն`

Երկիր ես ինձ համար դու պահել:

Հայերեն լեզվով են միտք արել

Խոհերը ազգասեր  պապերիս,

Հնչել ես զանգի պես, վարարել

Եկել ու հասել ես այսօր ինձ:

Քեզանով խնդում է ու ապրում

Թոթովանքն իմ  մանկան բաղձալի,

Հայատառ գրերը արթուն

Կենսագիրն ունեն  աշխարհի:

Հին ես դու` արևի պես ծագող,

Ինձ տրված կամքից էլ դու ազատ,

Անունդ քաղցր  ու հոգեթով

Իմ լեզվին` հայերեն  հարազատ:

Երկրիս պես` բախտ է քեզ ունենալ,

Իմ հոգու օրրանն ես  արևել,

Քեզ ծառա ու հավերժ  տեր մնալ,

Աստծուն էլ  հայերեն բարևել :