воскресенье, 22 апреля 2012 г.

Աշնան քամին, աշնան քամին
Քնած տեղից նայեց ժամին,
Չհավատաց իր աչքերին`
Իր երազն էր թուփ ու ծառին:
Կարմրականաչ ու ծիրանի
Գույնի տոն էր աշնան այգում,
Առանց երազ ով է  բարի,
Ով չի թռչում  գոնե մտքում:
Ելավ տեղից, ոնց սանձարձակ
Փչեց, ոռնաց նա անոթի,
Մտավ ամեն փողոց ու բակ,
Ու խառնշտեց մեծահոգի:
Ամեն ծառից կախված ճոճվեց,
Ու քիչ մնաց խելագարվի,
Աչքերի դեմ օրը մթնեց,
Կուրության հետ ինչպես վարվի:
Պոկվեց ծառից տերև-տերև,
Գիրկը բացեց ճանապարհին,
Թռավ գլխի ամպերից  վեր,
 Ու անձրևեց աշնան քամին:
ՈՐ  ԴՈՒ  ՀՈԳԻՍ, ՆՈՐԻՑ  ՍԻՐԵՍ
Դու հիշողություն ունես-հոգիս,
Երբ որ ես էլ քեզ չմնամ,
Այրվեմ մարմնիս ցուրտ կրակում,
Ինձ կհիշես անհիշությամբ,
Որ դու,հոգիս, նորից սիրես
Անհոգ մանկան անմեղությամբ: