Մարդաորսն է ընդունելի,
Միջոցներն են հնուց տարբեր,
Իշխելու տենչն ունի շահեր,
Մարդաորսն է ընդունելի:
Հիսուս, խաչդ գործ է ձեռի ,
Տաճարում կան կայափաներ,
Մարդաորսն է ընդունելի,
Միջոցներն են հնուց տարբեր:
****
Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ,
Հաշվել գիտես մինչև տասը,
Բաց թողեցիր կյանքի դասը,
Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ:
Սևուսպիտակ, խելքից բոբիկ,
Հաշվից դուրս է գայլի պասը,
Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ,
Հաշվել գիտես մինչև տասը:
******
Ты трус, ты раб, ты армянин !
А.С.Пушкин
Ես վախկոտ չեմ, ստրուկ էլ չեմ, հայ եմ,
Չմոռանամ ասել` քրիստոնյա,
Իմ հավատ ու հույսով ամենօրյա
Աստծո նման պիտի խաչից հառնեմ:
Խիղճն աշխարհի մտքում արթուն պահեմ,
Մարդկային մնալը չմոռանա,
Ես վախկոտ չեմ, ստրուկ էլ չեմ, հայ եմ,
Չվախենամ ասել` քրիստոնյա:
************
Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ,
Ուղիղ գնալն է անհնար,
Ում դեռ չես խաբվել` հավատա,
Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ:
Իշխաններդ քեզնից առկախ`
Դու մեծ խաղերի փոքր զառ,
Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ,
Ուղիղ գնալն է անհնար:
Հախ ու հաշիվ է աշխարհի մտքում,
Տարվում է անգամ նա հանուն շահի,
Ապրում- մեռնում է ճամփին իր գահի,
Հախ ու հաշիվ է աշխարհի մտքում:
Ծաղկազարդ ճամփի խաչերը գրկում
Խառնում է թիվը սիրո մեջ դավի,
Հախ ու հաշիվ է աշխարհի մտքում,
Տարվում է անգամ նա հանուն շահի:
Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են,
Աստծո պատկերով ժառանգորդ գահի,
Սպասումների շարանով պահի`
Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են:
Ուրացումները ընդունված բան են,
Եվ մարդաորսն է թե հաց, թե գինի,
Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են,
Աստծո պատկերով ժառանգորդ գահի:
Իշխելու տենչը կիսել չի լինում,
Երկնքից ընկած խնձորի նման,
Ոնց աստվածային շնորհն արարման,
Իշխելու տենչը կիսել չի լինում:
Շահին են հաճախ հավատ
խոնարհում,
Արժեքն անգին է ժամին խավարման,
Իշխելու տենչը կիսել չի լինում,
Երկնքից ընկած խնձորի նման:
Բաբելոնյան աշտարակը մարդաշատ,
Տեր, փլեցիր, հանուն
փառքի քո գահի,
Ավերակվեց աչքի առաջ աշխարհի
Բաբելոնյան աշտարակը մարդաշատ:
Նահատակները մնացին քեզ անհաշտ,
Լեզուն գիտեր ամեն ապրողն իր ցավի,
Բաբելոնյան աշտարակը մարդաշատ,
Տեր, փլեցիր, հանուն
փառքի քո գահի:
***************************************
Մեր ներսում է անտես բացուխուփը
Դժոխք ու դրախտ տանող դռների,
Վիրակապերից մեղսոտ վերքերի
Մեր ներսում է անտես բացուխուփը:
Արդարությունն էլ ունի իր սուտը`
Աստըծո դեմքի փայլով հայելի,
Մեր ներսում է անտես բացուխուփը
Դժոխք ու դրախտ տանող դռների:
*****
Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում
Իշխանավորդ` քո սիրուց սառած,
Ատելությունը մտքի մեջ չարյաց
Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում:
Քո աչքի առաջ քեզ մաս-մաս թաղում,
Անմարդկայինը գաղտնիք չէ պահած,
Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում
Իշխանավորդ` քո սիրուց սառած: