понедельник, 9 мая 2022 г.

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

 Մարդաորսն է ընդունելի,

Միջոցներն են հնուց տարբեր,

Իշխելու տենչն ունի շահեր,

Մարդաորսն է ընդունելի:

Հիսուս, խաչդ գործ է ձեռի ,

Տաճարում կան կայափաներ,

Մարդաորսն է ընդունելի,

Միջոցներն են հնուց տարբեր:

 

                                              ****

Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ,

Հաշվել գիտես մինչև տասը,

Բաց թողեցիր կյանքի դասը,

Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ:

Սևուսպիտակ, խելքից բոբիկ,

Հաշվից դուրս է  գայլի պասը,

Ուլիկ, ուլիկ, անմիտ ուլիկ,

Հաշվել գիտես մինչև տասը:

****** 

Ты трус, ты раб, ты армянин !

                                                             А.С.Пушкин

Ես վախկոտ չեմ, ստրուկ էլ չեմ, հայ եմ,

Չմոռանամ ասել` քրիստոնյա,

Իմ հավատ ու հույսով ամենօրյա

Աստծո նման պիտի խաչից հառնեմ:

Խիղճն աշխարհի մտքում արթուն պահեմ,

Մարդկային մնալը չմոռանա,

Ես վախկոտ չեմ, ստրուկ էլ չեմ, հայ եմ,

Չվախենամ ասել` քրիստոնյա: 

************

Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ,

Ուղիղ գնալն է անհնար,

Ում դեռ չես խաբվել` հավատա,

Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ:

Իշխաններդ  քեզնից առկախ`

Դու մեծ խաղերի փոքր զառ,

Ժողովուրդ`աջ, ժողովուրդ`ձախ,

Ուղիղ գնալն է անհնար:

 *****

Հախ ու հաշիվ է  աշխարհի մտքում,

Տարվում է անգամ նա հանուն շահի,

Ապրում- մեռնում է ճամփին իր գահի,

Հախ ու հաշիվ է աշխարհի մտքում:

Ծաղկազարդ ճամփի խաչերը գրկում

Խառնում է թիվը սիրո մեջ դավի,

Հախ ու հաշիվ է աշխարհի մտքում,

Տարվում է անգամ նա հանուն շահի:

 ****

Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են,

Աստծո պատկերով ժառանգորդ գահի,

Սպասումների շարանով  պահի`

Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են:

 Ուրացումները ընդունված բան են,

Եվ մարդաորսն է թե հաց, թե գինի,

Կանչվածներ չկան, բոլորն ընտրյալ են,

Աստծո պատկերով ժառանգորդ գահի:

 *****

 Իշխելու տենչը կիսել չի լինում,

Երկնքից ընկած խնձորի նման,

Ոնց աստվածային շնորհն արարման,

Իշխելու տենչը կիսել չի լինում:

Շահին  են հաճախ հավատ խոնարհում,

Արժեքն անգին է ժամին խավարման,

Իշխելու տենչը կիսել չի լինում,

Երկնքից ընկած խնձորի նման:

*******  *******   ********

Բաբելոնյան աշտարակը մարդաշատ,

Տեր, փլեցիր,  հանուն փառքի քո գահի,

Ավերակվեց աչքի առաջ աշխարհի

Բաբելոնյան աշտարակը մարդաշատ:

Նահատակները մնացին քեզ անհաշտ,

Լեզուն գիտեր ամեն ապրողն իր ցավի,

Բաբելոնյան աշտարակը մարդաշատ,

Տեր, փլեցիր,  հանուն փառքի քո գահի:

 ***************************************

Մեր ներսում է անտես բացուխուփը

Դժոխք ու դրախտ տանող դռների,

Վիրակապերից մեղսոտ վերքերի

Մեր ներսում է անտես բացուխուփը:

Արդարությունն էլ ունի իր սուտը`

Աստըծո դեմքի փայլով հայելի,

Մեր ներսում է անտես բացուխուփը

Դժոխք ու դրախտ տանող դռների:


*****

Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում

Իշխանավորդ` քո սիրուց սառած,

Ատելությունը մտքի մեջ չարյաց

Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում:

Քո աչքի առաջ քեզ մաս-մաս թաղում,

Անմարդկայինը գաղտնիք չէ պահած,

Աշխարհ, քո գլխին կրակ է մաղում

Իշխանավորդ` քո սիրուց սառած:

 

 ԱՇՈՒՆ

Ասես հարսնվոր են,

Քո ամեն ծառ ու  թուփ,

Գույների մեջ նոր են,

Սիրուդ նման անփույթ:

Կտավ`  անձեռն վրձնած,

Դեղին, կանաչ, կարմիր,

Անկեզ մորի բոցված,

Ճամփեքին ցաք ու ցիր:

Թաքուն տենչն է  ոսկե

Ափիդ  մեջ  արևի,

Աշուն, շուրթիդ խոսք է`

Գաղտնիք երևելի:


ՀՈԿՏԵՄԲԵՐՆ ԱՆՑԱՎ

Երկինքը կաթում է`մտքում ամպոտ  ծովեր,

Արևոտ չէ բացվող լույսն էլ ամենօրյա,

Հոկտեմբերը կիսով քամահար կանձրևեր,

Փշրվել է  աշնան ոսկին գետնի վրա:

Թրջված ու ցրտոտ են աշունքվա օրերը,

Դրսում է մնացել աշխարհը մերկացած,

Սառը շշուկ ունի ուշ աշնան անձրևը,

Մաղում է այսօր էլ թախիծով իր անցած:

Գնալու տեղ չունի մրսած օրը աշնան,

Քամին տեղ է մաքրում ձմռան համար կողքին,

Կձնի երկինքը փաթիլվելով անձայն,

Հոկտեմբերն անցավ աշնան ոսկին ոտքին:

 

ԱՇՈՒՆ

Թռչուններ պոկվեցին ծառից`

Քամին է  թև տվել նրանց,

Թևավոր տերևը վերից

Փետուր է գունեղ`ընկնող ցած:

Աշուն է, կարմիր ու դեղին,

Կանաչ էլ ունի փայփայած,

Հասել է վերջին իր ուղին,

Ծիծաղը լացի հետ խառնած:

 

******   ******

Ասես բոցի լեզվակ լինի,

Ողջագուրում երկնքի հետ,

Ասես խոստում ունի տոնի`

Փառահեղ ու երանավետ:

Շողն արևի նրա սրտին

Իր համբույրի հուրն է բերում,

Ու առնելով հուրն այդ` բարդին

Իր հմայքն է շուրջը փռում:

Աշնան օրվա տենչը հասուն

Ասես բարդին է օրորում,

Ասես դարձած բոց երկնասյուն

Նաիրուհի է շորորուն:

Աշնան շքեղ գույներով լի

Բարդին հրաշք ունի ծոցում,

Հրկիզումներ հեռուների,

Սպասումի կանչ խշշոցում:

 ԱՇՆԱՆ ՔԱՄԻՆ

Աշնան քամին, աշնան քամին

Քնած տեղից նայեց ժամին,

Չհավատաց իր աչքերին`

Իր երազն էր թուփ ու ծառին:

Կարմրականաչ ու ծիրանի

Գույնի տոն էր աշնան այգում,

Առանց երազ ով է  բարի,

Ով չի թռչում  գոնե մտքում:

Ելավ տեղից, ոնց սանձարձակ

Փչեց,  ոռնաց նա անոթի,

Մտավ ամեն փողոց ու բակ,

Ու խառնշտեց մեծահոգի:

Ամեն  ծառից կախված ճոճվեց,

Ու քիչ մնաց խելագարվի,

Աչքերի դեմ օրը մթնեց,

Կուրության հետ ինչպես վարվի:

Պոկվեց ծառից տերև - տերև,

Գիրկը բացեց ճանապարհին,

Թռավ գլխի ամպերից  վեր,

 Ու անձրևեց աշնան քամին: 

ԱՇՈՒՆ

 Վարդագույն ես, ծիրանի ու մի քիչ կանաչ,

Դու հազարան հավքի պես գունեղ ես դարձել,

Այդպես զուգվում են եկող տոնին ընդառաջ,

Անկեզ կրակ մորենու` անբոց շիկացել:

Անտառներում, դաշտերում, ծառին իմ բակի

 Փռել ես շուքն  հրճվանքիդ կրքով հուզառատ,

Երբ  բերքի տակ ես ճկվում, թեթև է հոգիդ , 

Թեպետ արևդ, աշուն, ամառվա չափ չունի կյանք:

Բայց դու կրքով շորորա, փռիր հոգուդ գույները,

Քանի ձյունը չի նստել հույզերիդ ծովին,

Տուր աշխարհին խնդությամբ քո վերջին սերը,

Հետո աչքից դու կորիր, ինչպես զարդ անգին

 

 *****  *******   ******

 Թե առաջվա պես կրակներ վառի,

Արևը ձեռքերն էլ  չի երկարում,

Օրն  ամառվա պես չի ջերմանում,

Մրսում է անվերջ` ինչպես այրի:

Լքումի ցավը  անժպիտ դեմքին`

Երեկվա օրը գնաց կորչելու,

Քամի է փչում դարձի ճամփեքին ,

Կորած հետքերն են հար մոլորվելու: 

Սպասումների շարան է տխուր,

Որ փաթաթվում է ծառ ու խոտերին,

Աշնան թախիծը` աղոթքի պես լուռ,

Փարվում է  սառչող մերկ հոգիներին:

Ուրացումների գիշերներն անթիվ

Լուսաբացներին  մրուր են խառնում,

Աշունն աչքի մեջ տխրության կաթիլ

 Գնում է գտնի կարոտների չուն…

ԼԱՑԻ  ԺԱՄ ՉԷՐ ԱՐԴԵՆ

Ելավ քամին թաշկինակը ձեռքին,

Լացի ժամ չէր արդեն, պիտի պարեր,

Տերևներով գիտեր մերկ ծառերին,,

Նրանց մերկությունը բավ է շահեր:

Ճոճում էր ծառերը աշնան քամին,

Պտտվում էր, մրրկում երկինք ի վեր,

Ով էր նայում  փոշոտ ոտք ու ձեռքին,

Վերևից ընկնելուց նա վախ չուներ:

Սառը զայրույթի պես մերկ, ահարկու,

Լիզում էր գետինը`  թաշկինակը ձեռքում,

Ամպերին կապել էր մեկ-մեկու,

Ձյուն պիտի գար, քամին տեղ էր մաքրում:

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ