воскресенье, 25 ноября 2018 г.

Իզուր է արտասվելն ուշացած

Մեռնումի օրերն են լուսնյակի,
Գիշերվա խավարն է անել,
Գժի պես ազատ է մեր բակի
Քամին` չեմ կարող տանել:
Ծառերը խշշում են քամահար,
Լուսինը երեք օր կմեռնի,
Լացկան եմ`կգտնի հարմար պահ
Արցունքս` ջրի պես կհորդի:
Լուսինը երեք օր կկորչի`
Երկնքում դեմք չկա մեռնողի,
Ու նորից նա ապրել կփորձի,
Շողերով թեքվելով մայր հողին:
Լուսինը կմնա իր ժամին,
Կհառնի մեռնումից փոքրացած,
Ճչում է խոր աշնան գիժ քամին,
Իզուր է արտասվելն ուշացած…





ԲԱՐԵՎ ԵՄ ԱՍՈՒՄ ՔԵԶ


Բարև եմ ասում Քեզ,
Քեզ, հազար բարին,
Քեզանով լեցուն եմ ես,
Խոնարհ եմ քո հանճարին:
Պոետի հույզ ու խոկում,
Բարևի չափ երկինք են,
Աշխարհ ունեմ իմ հոգում,
Թող որ քեզնով ինձ գտնեմ:
Ու քեզանով որ ապրեմ,
Պարտապանն եմ քո անդարձ,
Դու`մեծ, ես փոքր մարդ եմ,
Որ միշտ ունի հոգու քաղց:
Դու`ժողովուրդ, ես`պոետ,
Քեզ հարազատ թող մնամ,
Բարևիս չափ երկնի հետ,
Քո արևով ջերմանամ:

ԵՐԵՎԱՆ-2800


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԵՎԱՆ
Քո գրկում չեմ պահել հուշը իմ մանկության,
Ու հեռու եմ քեզնից հասակ առել,
Ինձնից մեծ է եղել չափն իմ ուրախության,
Երբ անունդ շուրթիս դեպի քեզ եմ եկել:
Քեզ եմ եկել` հպարտ քո գոյությամբ,
Ասես թե գնայի կենտրոնը աշխարհի,
Դու նորօրյա շքեղ քո հնությամբ,
Դու օրրան ես սիրո մոր պես բարի:
Կանչ ես տան օրհնության ու կարոտի,
Քույր ու եղբայրներիս ճամփի հեռվում,
Կարմիրն ու սպիտակը քո նարոտի
Քեզանով ենք սրտանց իրար բերում:
Տոնական ես դառնում այսօրվա պես,
Աշխարհի հայերի լուսե մայրաքաղաք,
Հազարամյակներիդ անցած հուշերով վես,
Ծննդյանդ տոնն է երկնքի տակ:
Խառն են գույներն աշնան քո գարունին,
Հազարան հավքեր կան ծառ ու թփիդ,
Դու Երևան դարձած մեր հին Էրեբունին,
Հավատավոր հուշիդ ու գալիքիդ:
Քո այսօրվա տոնին օտար լեզվով էլ կաս,
Քեզ աշխարհի շուրթով ես էլ մաղթեմ բարին,
Քեզ համար թող պարպվի ամեն ոգելից թաս,
Փառք քո անցած - գալիք ճանապարհին:
 

ՊՈԵՏ ԱՆԺԱՄԱՆԱԿ


Հորս ու մորս մտքով չէի անցնում`
Մորս կրծքի տակ երեխա կար արդեն,
Տղա էր` հայրս սիրտն էր բացում
Խնդության սինու պես` ամենքին ժպտադեմ:
Ես ինչ իմանայի, ես իմ գոյին  անգետ,
Շնորհն առաջնեկի, որ ինձ պիտի տրվեր,
Հաշվի նստող լիներ թե այդժամ կամքիս հետ,
Կսպասեի երկար, մինչ անունս  հնչեր:
Իմ գալուստից առաջ մայրս ցավ չէր տեսնի,
Ես ինձ չէի զգա ակամա մեղավոր,
Իր չծնված մանկան վշտից չէր բորբոքվի
Հայրս` որ ինձանով  երջանկացավ մի օր:
Իմ ծնունդով պիտի ծնողքս խնդային`
Մեր նոր տունը ծխար տաք օջախով,
Սիրով պիտի նրանք իրար գային,
Ու առօրյա հոգսին չնայեին վախով:
Ոչ  հերոս էր հայրս, ոչ էլ Աստված,
Շինարար էր, պատշար նա անունով,
Տներ էր կառուցում, կիսում էր աղ ու հաց,
Ու գնում էր կյանքն իր վաղ ունեցած հունով:
Երկունքի ցավով ինձ աշխարհ բերեց մայրս,
Հավերժի հավատով որ հետո բարուրեր,
Դրախտը անկյուն էր օրորոցով տանս,
Աստծո  անեծքը հին կարծես էլ ուժ չուներ:
Բայց դրախտը` տանը, աշխարհը դրսում էր,
Ներս ու դրսի պայքարն էր իմ հոգում,
Ընդիմության ոգին ինձ պիտի սովորեր,
Ու հնչեր սիրուս մեջ ու բողոքում:
Պիտի չփախչեի ես ինձ տրված բախտից,
Որ ճանաչենք իրար ամեն օր փորձելով,
Ագռավաքարից մի փշուր գար հասներ ինձ,
Մհերի ահարկու հարվածից թռչելով:
Ու թեպետ աշխարհը ծուռ էր Աստծո օրից,
Թռչող քարն ինձ հասավ գալով ուղիղ,
Կույր էի տեսնելով, երբ խլացա ցավից,
 Ու կյանքը վթարված եղավ ցաք ու ցրիվ:
Ու թվաց աշխարհն է իմ շուրջը ավիրվել,
Քանդվել էին բազում տներն հորս շինած,
Քարի մեջ արյուն կար, կարմիրն էր հողոտվել,
Այդ անեծքի լեզվով չէր մարդանա Աստված:
Ես` վիրավոր, ծնկած չմնացի երկար,
Իմ չծնված որդին ուժեղ էր կրծքիս տակ,
Մասուրի չափ ցորեն ով ինձ կտար,
Ազատատենչ ոգուն պիտի նվիրել կյանք:
Պիտի ներվեր այրի կնոջն երկունք ու սեր,
Ապրելուց առավել չապրելն է շատ դժվար,
Կհասկանաս դու ինձ, Փոքր Մհեր,
Իմ հավատն հավերժի քեզ հետ միշտ կար:
Երգ գրելու համար ինձ չըբամբասեին,
Իմ այս ծռությունից ինձ շատ են քարկոծել,
Մի օր աշխարհն ինձ ծույլ կնայի մտերիմ,
Նրա դեմ դռներս ես չեմ ուզում գոցել:
Աղետյալ քաղաքիս կորուստը խնկելով`
Հազարների կյանքը մնաց քարերի տակ,
Դու իմ ծննդավայր, Սպիտակ քաղաք իմ նոր,
Քո գրկում եմ ծնվել պոետ անժամանակ:



Թաց են մտքերն այսօր...


Երեկ արևոտ էր հագուկապը աշնան,                
Գույների մեջ նոր էր թուփ ու տերև,
Եվ թվում էր թևող թիթեռներ կան,
Որ նստում են գետնին` չթռչելով վերև:
Կաթում էր ակամա ծառաբնին մոտիկ
Ամեն պոկված տերև արև տեսած,
Ծիածանվող ծառ էր վարից երկինք,
Աշնան օրը երեկ  լույս էր բացված:
Այսօր անձրևոտ է ու խառն է մտքերով`
Չբացված ծրար էր`կորցրեց  երեկ,
Աշունն էլ չի գնա իր անցած հետքերով,
Թաց են մտքերն այսօր` էլ  չունի ներկ:


կիրք ու սիրով սրտիս մի ապտակիր


Հայր մեր, որ մտքիս ես,
Մի տար ինձ փորձության,
Դու իմ սրտից չունես,
Չունես կիրքն արթնության:
Դու չես ապրել ինձ պես
Կնոջ այրի կյանքը,
Մեծարման ծես ունես,
Հոգ չէ մոմի վարքը:
Իմ ծաղկուն տարիքը
Ինձնից շուտ ծերացավ,
Շաղ ու շողով լիքը
Ճամփեքից հեռացավ:
Մի տար ինձ փորձության,
Կամքիս դեմ եմ գնում,
Որքան էլ զարմանաս,
Ես դեռ կին եմ մնում:
Հայր մեր, որ յերկինս ես,
Միտքս աչքակապիր,
Կիրք ու սիրով սրտիս
Այտին մի ապտակիր….

ԻՆՁ ՍՐՏԱՄՈՏ ԵՐԳԸ ՉԵՄ ԳՐԵԼ ԴԵՌ


Այն, ինչ ինձ եմ պահել` կվերցվի մի օր,
Աշխարհի ու ինձ հետ թե որ  հաշտ էլ լինեմ,
Եվ հանուն այն վերջի, որ սկիզբ է մի նոր,
Հավերժի հավատով պիտի ինձ բարուրեմ:
Եկողն ինձնից հետո ինձ կգերազանցի`
Քիչ  կունենա պարտքեր այս աշխարհին տալիք,
Նա իմ կյանքի կողքով անտարբեր չի անցնի,
Նա էլ  կխոնարհվի մանուկներին գալիք:
Այն, ինչ ինձ եմ պահել`ապրելու չափ մի օր,
Ամեն օրվա նման լույս ու ստվերի տեր,
Ես սիրում եմ սիրել հանգավոր երգերով,
Ինձ սրտամոտ երգը չեմ գրել դեռ: