воскресенье, 3 мая 2015 г.


Երես տվեք ինձ` մի քիչ մանկանամ,
Մանկան պես լինեմ ձեր սիրուն մոտիկ,
Ձեր մանկան նման ծիծաղեմ ու լամ,
Ու անմեղ լինեմ, ոնց ամեն փոքրիկ:
Երես տվեք ինձ, մի քիչ քաղցրանամ,
Ու ձեր մտքի մեջ անունս պահեմ,
Ձեր հոգու կանչով գամ ձեզ միանամ,
Ձեր աչքի լույսով սիրտս փայփայեմ:
Երես տվեք ինձ,  թող  թեթևանամ,
Ձեր խնդության մեջ  մի քիչ  երկարեմ,
Վաղվանից`  գրող -տատիկ կդառնամ,
Այսօր մանկան պես բառեր թոթովեմ…

****
Սիրո խոսք չեմ ասի,ինձ չսպասես,
Փորձության չեմ տանի իմ հույզերը,
Թող խոսքի ժլատ եմ,թող մտածես,
Որ սիրո համար չէ  ուշացած մեր սերը:
Քեզնից թաքուն ու ամենքից թաքուն
Ես գժուկ կանվանեմ քո կարոտին,
Չեմ կանչի բարձրաձայն`թող չգա տուն,
Օղակ չեմ հագցնի նրա ոտին:
Մասնակից չեմ լինի հաղորդության
Մարմնի ու արյան` մահից առաջ,
Թող մեր սերը ապրի երգի նման,
 Թող արձագանքի իմ խոսքը  չասված:

  *****   ******   *****
Դու ինձ համբուրել ես,իսկ դու չես էլ հիշում,
Կոպերիս տակ գարուն`արթնանալ չեմ ուզում:
Կոպերիս տակ արև`երազն ինձ չի լքում
Համբույրիդ թեժ բոցը շրթունքներս է կիզում:



Քնից արթնացա`աշխարհն իմ հյուրն է,
Եվ ներսուդուրսն է  այնպես իմ սրտով,
Երկինքն արևում`սիրտը մաքուր  է,
Աշխարհից անդին չի  անցնում մտքով:
Շուրջս  ապրում է  կյանքի`  ծովից ծով,
Կարող եմ անվերջ քնել-արթնանալ,
Երբ գիշեր   ընկնի լուսնյակի շողով,
Աչքս փակ նրանց կնայեմ խաղաղ: