вторник, 16 апреля 2024 г.

ՍՐԹՍՐԹՈՒՄ ԷՐ ՕՐԸ

 ՍՐԹՍՐԹՈՒՄ  ԷՐ  ՕՐԸ

Սրթսրթում էր օրը՝ թրջված ցուրտ անձրևից,
Պատահական անցորդներին փաթաթվելով,
Աչքս չէի կտրում ջրակալած գետնից,
Ջրափոսերի շարքն ինձնից հետ վանելով:
Վանաձորում, ճիշտ է, ասում են ճիշտ,
Որ օդը մաքուր է, լեզվի նման միշտ թաց,
Անձրևով է հղի գարնան երկինքը միշտ,
Զմրուխտ բնաշխարհի թավշե գլխին կախված:
Հոգնաբեկ էր լույսը ճամփին վերուվարի,
Իսկ անձրևը միտք էլ չուներ դադարելու,
Գործս ավարտելով՝  հետ,  տուն պիտի գայի,
Երկնքից խռոված վեր չէի նայելու:
Արևն էի թողել Երևանում լուսե,
Որ շողերով իր տաք հաճախ միտքս էր գալիս,
Վաղը Վանաձորում տա՛ք կլինի գուցե,
Ինչո՞ւ էր վարորդը ոտքը դեռ կախ տալիս:
Մեքենայում նստած ես դուրս էի նայում,
Տղամարդուց դրամ խնդրեց տղան անտեր,
Քաղցը կոշտ պատառից խեղդվելուն չի՛ նայում,
Կիսամերկ այս խեղճին տեսել էի… որտե՞ղ:
Ծակ ու թրջված էին լաթերը իր հագի,
Ոտնամանները` հին, օճառի պես մաշված,
Քանի՞ դուռ դեռ պիտի անօգնական թակի,
Իր բռի մեջ գոնե դրամ ունե՞ր հաշված:
Թախանձանքը նրա որ չմնար իզուր,
Ժպտալով տղային դրամ նվիրեցի,
Թեպետ սրտումս լաց ու աղոթք էր մի բուռ,
Աստծո լույս պատկերը խռոված պահեցի:
Տղան դեռ մուրում էր, կպչում էր ուղղակի,
Աչքի տակով էի արդեն նրան նայում,
Շարժիչն աղմկում էր մեքենայի թափքին,
Ճանապարհ ընկնելուն արդեն ժամ չէր մնում:
Մի վերջին անգամ էլ հայացքս թեքեցի՝
Մուրացկան տղային` մեկնումից քիչ առաջ,
Սիրով ձեռքով արեց, ես դա նկատեցի,
Աչքի ժպիտն էլ էր իր դեմքի պես սառած:
Այս տղայի ողջույնն ավելին էր, քան այն
Այրի կնոջ լուման` Տաճարին նվիրած,
Հետ գալով Երևան, չտաքացա սակայն,
Ի՞նչ ցրտից էր անվերջ իմ սիրտը խռոված:
Ի՞նչ անձրև էր սառը, որ ի՛նձ էր հեղեղում,
Փրկության նոր տապան միթե՞ չի՛ լինելու,
Այն հեգ տղան կարծես կողքիս է դեռ մուրում,
Մեզ` երկուսիս,  ներում ե՞րբ է շնորհվելու:

Комментариев нет:

Отправить комментарий