вторник, 16 апреля 2024 г.

ՆՎԻՐՈւՄ  ԵՄ ԿՐՏՍԵՐ  ԵՂԲՈՐՍ

Մի անցա՛ծ հուշ է իմ մանկությունից,
Մի աննշան հո՛ւշ, ներկա եմ դնում,
Հուզվում եմ նրա հեզ տրտմությունից,
Նրա համար եմ այս երգը գրում:
Իմ մանկությունը գյուղում է անցել,
Գյուղական մեր հին տունը էլ չկա,
Մեր  <հինգի ձենը> մարդ չի իմացել,
Եղբորս լացի ձայնն իմ մեջ դեռ կա:
Մի կով ունեինք մորթով սևաթույր,
Ռուսական էր տեսակը նրա,
Հավատ կար մարդու հայացքում մաքուր,
Մեր մեկնած խոտին գալիս էր վրա:
Հաշված օրեր կար, որ կովը ծներ,
Գիտեի՛նք, որ մենք հորթուկ կունենանք,
Խնդություն ուներ սպասումը մեր,
Դեռ աչքալույս էլ իրար պիտի տանք:
Վաղ առավոտ էր, մայրս գոմ գնաց,
Մեր սևաթույրը ծնել էր արդեն,
Վարդ չէր կարմիրը պոչի հետ կախված,
Մայրս խնդրում էր, որ կովին փրկեն:
Հերթափոխով էր հայրս աշխատում,
Անքուն աչքերում ցերեկն էր մթնել,
Անզորությունը իզուր էր մատնում,
Դանակը միշտ էլ կարող էր գտնել:
Օրը գարուն էր, ցավից անտեղյակ
Նորածին հորթը մորը կփնտրեր,
Մեր սևաթույրը` բաց երկնքի տակ,
Կանաչ էր պոկում, բախտին  անտարբեր:
Լիքը գոմի մեջ մենակ էր հորթը,
Սևավոր մորը չկար վերադարձ,
Շոյում էինք մենք գլուխն ու մորթը,
<
Ախպեր> էր ասում եղբայրս կամաց:
Կաթի ծծակն ու շիշը հորթուկի,
Կրտսեր եղբայրս ծոցում էր պահում,
Ինքը` երեխա, բայց մեծահոգի
Մեծի նման էր որբուկին նայում:
Ալաբաշ էր նա հորթուկին կանչում,
Իսկ սա էլ ուրախ տրտինգ էր տալիս,
Նրան հարազատ իրեն ճանաչում,
Ճակատ - ճակատի խաղ էին գալիս:
Օրերը անցան, Ալաբաշն արդեն
<
Ոսկե ցլիկ> էր` առույգ ու կայտառ,
Հայրս պահել էր, որ պիտի՛ մորթեր,
Երբ Ամանորի տոնը մոտենար:
Թե չէ ինչո՞ւ էր մսուրքում կապել,
Դե,  Նոր տարվան որ դանակի քաշի,
Իր հալալ մալն է ու միսը ջահել,
Ի՞նչ է անում, որ որդուց ամաչի:
Իսկ հեգ եղբայրս էն ո՜նց էր լալիս,
Որ հո՛րս փխրուն սիրտն էլ փուլ եկավ,
-
Լա՛վ, ուրիշին եմ ես նրան տալիս,-
Թե չէ պահելու էլ հնա՛ր չկար:
Նոր տիրոջը մեր հորթն էր քարշ տվել,
Փորձել էր հասնել եղբորս հեռացող,
Ցասումից տիրոջ չպիտի՛ փրկվեր,
Նվիրումին իր չկար հասկացող:
Ծիծաղում էինք եղբորս վրա.
-
Հիմա եփո՛ւմ են միսն Ալաբաշի,
-
Է՜հ, ձեզ ինչ կա որ, - խոսքերն են նրա
Սրտումս այրվում՝ է՛ն հուշից բացի:

 

Комментариев нет:

Отправить комментарий