вторник, 16 апреля 2024 г.

ՊՈԵՏ ԱՆԺԱՄԱՆԱԿ

 ՊՈԵՏ  ԱՆԺԱՄԱՆԱԿ

Հորս ու մորս մտքով ես չէի անցնում,

Մորս լույս կրծքի տակ մի մանուկ կար արդեն,

Տղա էր պտուղը, հայրս սիրտն էր բացում

Խնդության սինու պես՝ ամենքին ժպտադեմ:

Ես ի՞նչ իմանայի, ես իմ գոյի՛ն անգետ,

Շնորհն առաջնեկի, որ ինձ պիտի տրվեր,

Հաշվի՛ նստող լիներ թե այդժամ կամքիս հետ,

Կսպասեի՛ երկար, մինչ անունս հնչեր:

Իմ գալուստի՛ց առաջ մայրս ցավ չէր տեսնի,

Ես ինձ չէի՛ զգա ակամա մեղավոր,

Իր չծնված մանկան վշտից չէր բորբոքվի

Հա՛յրս,  որ ինձանով երջանկացավ մի օր:

Իմ ծնունդով պիտի՛ ծնողքս խնդային,

Մեր նոր տունը ծխար տաք օջախով,

Սիրով պիտի նրանք իրար գային,

Ու առօրյա հոգսին չնայեին վախով:

Ո՛չ  հերոս էր հայրս, ո՛չ էլ անտես Աստված,

Շինարա՛ր էր, պատշար վարպե՛տ էր անունով,

Տներ էր կառուցում, կիսում էր աղուհաց,

Ու գնում էր կյանքն իր վաղ ունեցած հունով:

Երկունքի ցավով ինձ աշխարհ բերեց մայրս,

Հավերժի հավատով որ հետո բարուրեր,

Դրախտը անկյուն էր օրորոցով տանս,

Աստծո  անեծքը հին կարծես էլ ուժ չուներ:

Բայց դրախտը` տանը, աշխարհը դրսում էր,

Ներսուդրսի պայքար կար իմ անմեղ հոգում,

Ընդդիմության ոգին պիտի ինձ սովորեր,

Ու հնչե՛ր սիրուս մեջ ու ցավի բողոքում:

Պիտի՛ չփախչեի աստծով տրված բախտից,

Որ ճանաչենք իրար ամեն օր փորձելով,

Ագռավաքարից մի փշուր գար հասներ ինձ,

Մհերի ահարկու հարվածից թռչելով:

Ու թեպետ աշխարհը ծուռ էր Աստծո օրից,

Թռավ ու ինձ հասավ քարը ճամփով ուղիղ,

Կույր էի տեսնելով, երբ խլացա ցավից,

Երբ կյանքը վթարված եղավ ցաք ու ցրիվ:

Ու թվաց աշխարհն է իմ շուրջը ավերվել,

Քանդվել էին բազում տներն հորս շինած,

Քարի մեջ արյուն կար, կարմիրն էր հողոտվել,

Այդ անեծքի լեզվով չէ՛ր մարդանա Աստված:

Ես վիրավոր ծնկած չմնացի երկար,

Իմ չծնված որդին ուժեղ էր կրծքիս տակ,

Մասուրի չափ ցորեն ո՞վ ինձ անվարձ կտար,

Ազատատենչ ոգուն պիտի՛ նվիրել կյանք:

Պիտի՛ ներվեր այրի կնոջն երկունք ու սեր,

Ապրելուց առավել չապրելն է շատ դժվար,

Կհասկանաս դու ինձ, տուն ե՛կ, Փոքր Մհեր,

Իմ հավա՛տն հավերժի քեզ հետ միշտ կար:

Երգ գրելու համար ինձ չբամբասեին,

Իմ այս ծռությունից ինձ շա՜տ են քարկոծել,

Մի՛ օր աշխարհը ինձ կնայի մտերիմ,

Նրա դեմ դռներս ես չեմ ուզում գոցել:

Աղետյալ քաղաքիս կորուստը խնկելով`

Հազարների կյանքը մնաց քարերի տակ,

Ծննդավա՛յր իմ, Սպիտա՛կ, քաղաք մեր նոր,

Քո գրկում եմ ծնվել պոե՛տ անժամանակ:

Комментариев нет:

Отправить комментарий