вторник, 16 апреля 2024 г.

ՏԵՐ, ԳԼԽԱՑԱՎԻԴ ՈՆՑ ԵՍ ԴԻՄԱՆՈՒՄ

ՈՆՑ ՀԱՑԻ ՉՈՐ ԿՈՂ

Ասում են մոտ է վախճանն աշխարհի,
Չկա փրկության ուրիշ Գողգոթա,
Էլ  ի՞նչ հավատով հույսը վարարի,
Երբ թագակիրն է գող ու սրիկա:
Կրքեր են մրրկում, կույր գաղտնիքի պես,
Անառակ որդու նախանձելի վարձք,

Կյանքն ասես լինի վճարովի ծես,

Էժանագին է, ինչ երեկ էր թանկ:
Տանուլ են տալիս օրն իրենց վերջին,
Զվարճանքի մեջ  խեղդվում անխռով,
Մեղքի հաշիվը մեռնողի խղճին,
Ոտքի տակ գցած, ոնց հացի չոր կող:
Աշխարհն` ասում են,  պիտի կործանվի,
Վաղվա օրվա չափ ունի ժամանակ,

 Տիրոջ արցունքի սառույցը հալվի,

Ու կաթ - կաթ լցվի լլկված մի բաժակ:

 ԷԼ ԲԱՎ Է ՀՈԳՆԵՍ

Կա՛նգ առ, մոլորա՛կ, դու շատ ես հոգնել,

Թագակիրներիդ չար կատակներից,

Ցավ ու դավեր են քո շնչին չոքել,

Քո Երկիր կոչված առաջին օրից:

Պտույտներիդ մեջ քեզնից չես շեղվել,

Կյանքիս պարգևը քո սիրո վկան,

Անկշիռ մանրուք քո մեջ չես պեղել,

Աստվածացրել ես բնակչին քո տան:

Երես չես թեքել ապականողից,

Քեզ  թալանողին տվել ես նշխար,

Աղբյուր է հորդել խոցված քո կողից,

Աշխարհ ես պահել տևելով դժվար:

Քե՛զ շատ են փորձել սրով ու հրով,

Քո՛ հացի աղով,  գինո՛ւդ հնությամբ,

Ականջ է լցվել քո աղերսներով,

 Խոցվե՛լ ես ձեռքով անտարբերության:

Կա՛նգ առ, Երկրագո՛ւնդ, էլ բա՛վ է հոգնես,

Հանցանքի նման սերը չի՛ ներվում,

Ում շուրթերով էլ դու <աստղ> կոչվես,

Գահակիրների կամքին ես մնում:

 ԴՈՒ ՎԵՐՈՒՄ ՄՆԱ

Ասում են երկրորդ գալուստ էլ ունես,

Առաջին անգամ հավատը կույր էր,

Խաչվելուց հետո լույս երկնքում ես,

Քո արյամբ պիտի կյանքը նորոգվեր:

Երկրորդ գալուստիդ օր ու ժամ չկա,

Ոչ մեկն այդ մասին հստակ չգիտի,

Գալուստիդ մասին ի՞նչ մոգ լուր կտա,

Աստղազա՛րդ ճամփով, թե՛ առավոտի:

Պիտի՛ գաս, իբրև արդար դատավոր,

Անմեղ - մեղավոր իրարից զատես,

Սև ու սպիտակ, խառը թաց ու չոր,

Ու  անցավ երկրի հավերժով ապրես:

Հանկարծակի՛ ես գալու, լուրի՛ պես,

Գաղտնիքի համար բանալի չկա,

Մնա՛ երկնքում, դեռ ներքև չիջնես,

Աշխարհի դեմքը դիմակ է հիմա:

Թագակիր վիրուս կա աշխարհով մեկ,

Վախից են նրան հավատ խոնարհում,

Դիմակավոր է ամեն մարդու դեմք,

Արթուն աչքեր են անտես դարանում:

Դո՛ւ վերում մնա, մի՛շտ Աստծո որդի,

Ով դիմակ չունի, թանկ է վճարում,

Աշխարհի շա՛հն է անվերջ անոթի,

Որ մարդասերի անուն է հանում:

 ԾՈՒՌ Է ԱՇԽԱՐՀԸ

Գլխացավից իմ սիրտն է խառնում,
Դրախտի դուռն էլ աչքս չի գալիս,
Ծուռ է աշխարհը, լավ եմ իմանում,
Բայց կույր ցավը ինձ ուղիղ է գալիս:
Թողնում եմ, որ ինձ դիմակը խաբի,
Թե ինձ եմ փորձում, թե ինձ խաբողին,
ինձ անծանոթ չէ տոթն անապատի,
Բախտը ժպտում է աչքս կապողին:
Փորձում եմ լինել բոլորի նման,
Հուդան իր մատնիչ պաչն է ինձ տալիս,
Իմ առջև բաց է երկնային ճամփան,
Գետնից չի պոկվում ստվերը կավիս:
Ուզում եմ Աստված ինձ առաջնորդի,
Աշխարհը ծուռ է, լավ եմ իմանում,
Չե՛մ ուզում մնալ անառակ որդի,
Տե՛ր, գլխացավիդ ո՞նց ես դիմանում:

 

Комментариев нет:

Отправить комментарий